Անմահ հերոս Հայկ Մինասյան

Հայկ Մինասյանը ծնվել է 1996 թվականի հոկտեմբերի 23-ին՝ Ուկրաինայի Հանրապետության Խարկով քաղաքում: 2001 թվականին ընտանիքը վերադարձել է հայրենիք ու մշտական բնակություն հաստատել Վանաձոր քաղաքում:

Սովորել է Վանաձորի Ա.Ս.Պուշկինի անվան թիվ 4 դպրոցում:

Հայկը բավականին հավասարակշռված, համեստ ու զուսպ անձնավորություն էր, լավ ընկեր, քույրերի համար՝ լավ ու նվիրված եղբայր:

Իր մեջ անսահման բարություն  կար, ամեն ինչում աշխատում էր լավ գծեր տեսնել ու բոլորին հուսադրել, որ ամեն ինչ լավ է լինելու: Դեռ փոքր տարիքից Հայկը ձգտել է օգնել ընտանիքին, իսկ տարիքի հետ մեծանալով՝ լավ խորհրդատու է եղել բոլորի համար:

Տարբեր նախասիրություններ ուներ դպրոցում, սիրում էր մաթեմատիկա և ֆիզիկա առարկաները: Զբաղվել է ձեռնամարտով ու այլ տարբեր սպորտաձևերով: Այս բոլորին զուգահեռ՝ շատ գեղեցիկ նկարում էր:

2011 թվականին ընդունվել է Վանաձորի Եվրոպական քոլեջ, որից հետո ուսումը շարունակել է Երևանի Եվրոպական համալասարանի ծրագրավորում և կառավարում բաժնում:  

2015 թվականին՝ ուսումը կիսատ թողնելով, Հայկը անցել ծառայության  Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտակերտի շրջանի զորամասերից մեկում՝ որպես կապավոր: Մեծ սիրով է մեկնել ծառայության ու նվիրված է եղել իր գործին:

Ամիսներ շարունակ մարտական հերթապահություն է իրականացրել, որի մասին ծնողները անտեղյակ են եղել և պատահաբար հեռուստատեսությամբ են տեսել Հայկին: 

Ապրիլյան պատերազմի օրերին՝ Հայկը առաջնագծում է եղել, մարտնչել ու աչքի ընկել իր քաջությամբ:

2016 թվականի ապրիլի 26-ի` լույս 27-ի գիշերը, հրետանային դիվիզիոնի կրակի կառավարման կետում, հրետակոծության հետևանքով՝ Հայկը սրտի շրջանում մահացու վիրավորում է ստացել:

Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայության»  և  «Հայրենիքի պաշտպանության համար», Արցախի Հանրապետության  «Արիության համար» մեդալներով:

«Հանուն հայ զինվորի» ՀԿ -ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալվինա Հարությունյան