Անմահ հերոս Սևակ Խաչատրյան

Սևակ Հովհաննեսի Խաչատրյանը ծնվել է 1997 թվականի փետրվարի 2-ին՝ Արմավիրի մարզի Արևիկ գյուղում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում ու մշտապես աչքի է ընկել իր առաջադիմությամբ:
Մասնակցել է «Մեղու», «Կենգուրու» մրցութներին և հաղթել։ Բացի այդ մասնակցել է աշխարհագրության, ֆիզիկայի, մաթեմատիկայի օլիմպիադաների: 2014 թվականին՝ որպես լավագույն աշակերտ, հրավիրվել է նախագահի նստավայր:
2015 թվականին՝ ավարտելով դպրոցը, ընդունվել է ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ:
Եղբայրը հիշում է, որ Սևակը հնարավորություն է ունեցել բանակ ավելի ուշ մեկնելու, բայց ընտանիքին տեղեկացրել է, որ եթե նույնիսկ անվճար ընդունվի՝ էլի ինքնակամ կմեկնի ծառայության։
Դեռ փոքր տարիքից Սևակն առանձնանում էր իր հասակակիցներից՝ թե՛ իր գիտելիքների պաշարներով, թե՛ իր մարդ տեսակով: Կրթված ու դաստիարակված երիտասարդ էր, սիրված ու հարգված իրեն ճանաչողների կողմից։
2015 թվականի հուլիսի 16-ին Սևակը զորակոչվել է հայկական բանակ՝ ծառայության անցնելով Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Հադրութի շրջանի զորամասերից մեկում: Բարեխիղճ և նվիրված ծառայության համար՝ կարճ ժամանակ անց, ստացել է սերժանտի կոչում, արժանացել է «Բանակի գերազանցիկ» կրծքանշանի: Գնդացրային ջոկի հրամանատարն էր, Սևակի ջոկը առաջիններից էր՝ կազմակերպվածությամբ ու պատասխանատվությամբ:
Սևակը ծառայության ընթացքում մասնակցել է 2016 թվականի Ապրիլյան պատերազմին։
2016 թվականի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՊԲ հարավային զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից՝ զոհվել է Սևակ Հովհաննեսի Խաչատրյանը: Սևակը զոհվել է դիտարկում իրականացնելու ընթացքում։
Սևակ Խաչատրյանը հետմահու արժանացել է Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայության» և Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալների։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ -ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Ալվինա Հարությունյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: