Անմահ հերոս Կարեն Աղաբեկյան

Կարենը ծնվել է 1996 թվականի սեպտեմբերի 7-ին՝ Վայոց Ձորի Կեչուտ գյուղում։ Սովորել է նույն գյուղի միջնակարգ դպրոցում, որից հետո տեղափոխվել է Ջերմուկ քաղաքի թիվ 10 ավագ դպրոց, որն ավարտել է 2014 թվականին։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա։
Կատակասեր, նվիրված, անսահման բարի մարդ՝ ով ցանկացած հարցում օգնում էր բոլորին․ միաժամանակ կոպիտ, բայց և նուրբ: Փոքր տարիքից հետաքրքրվել ու մեծ սեր է ունեցել մեքենաների հանդեպ։
2015 թվականին ուսումը կիսատ թողնելով՝ մեծ սիրով անցել է ծառայության Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտունիի զորամասերից մեկում՝ որպես վարորդ։
Ծառայության ընթացքում մի շարք շնորհակալագրերի է արժանացել։
2016 թվականի ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ՝ Կարենն իր ներդրումն է ունեցել հայրենիքի պաշտպանության գործում, նա վիրավորված զինվորների է տեղափոխել, սնունդ հասցրել դիրքերում մարտնչող զինվորներին։
2016 թվականի ապրիլի 21-ին՝ մարտական դիրքեր գնալու ժամանակ, Կարենը մահացու հրազենային վիրավորում է ստանում կրծքավանդակի աջ կեսի շրջանում, ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու պատճառով․ դեպքը տեղի է ունեցել անզգուշության հետևանքով:
Կարենը հետմահու պարգաևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայության» և Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալներով։
Ի հիշատակ Կարենի՝ հարազատ դպրոցում Նախնական զինվորական պատրաստության դասասենյակ է բացվել, որտեղ Կարենը միշտ ներկա է։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Ալվինա Հարությունյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: