Ամառային զորակոչի ժամկետը երկարաձգվել է և կտևի մինչև օգոստոսի 15-ը

Ամառային զորակոչի ժամկետը երկարաձգվել է և կտևի մինչև օգոստոսի 15-ը

Կառավարությունն իր հուլիսի 25-ի նիստում որոշում է կայացրել այս տարվա ամառային զորակոչի ժամկետը երկարաձգել 15 օրով՝ մինչեւ օգոստոսի 15-ը ներառյալ։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ամառային զորակոչը հայտարարված է 2024-ի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ և զինված ուժերի համալրումը իրականացվելու է  2024 թվականի հունիսի 24-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ։

2024 թվականի ամառային զորակոչի աշխատանքների ընթացիկ վերլուծության արդյունքում պարզվել է, որ հուլիսի 15-ի դրությամբ զորակոչի ենթակա մեծ թվով քաղաքացիներ դեռևս գտնվում են առողջական վիճակի հետազոտությունների մեջ և ամառային զորակոչն անցկացնելու համար կառավարության որոշմամբ սահմանված ժամկետներում հնարավոր չի լինի ավարտել նշված բոլոր քաղաքացիների հետազոտությունները և բժշկական փորձաքննությունը՝ դրանց արդյունքներով որոշելով նաև զորակոչի ենթակա կամ ոչ ենթակա լինելու հանգամանքը:

Ուստի, առողջական վիճակի անհրաժեշտ հետազոտություններն ավարտած չլինելու պատճառով 2024-ի ամառային զորակոչին ենթակա քաղաքացիներին անհարկի տարկետումներ տրամադրելու կամ նրանց բժշկական փորձաքննությունը ձմեռային զորակոչ տեղափոխելու դեպքերը բացառելու նպատակով, անհրաժետություն է առաջացել  զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգելով 15 օրով՝ մինչև 2024-ի օգոստոսի 15-ը ներառյալ։