Անմահ հերոս Ալեքսանդր Ալեքսանյան

Ալեքսանդր Վահեի Ալեքսանյանը ծնվել է 2000թ-ի նոյեմբերի 21-ին Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում։ Ուսումն ավարտելուց անմիջապես հետո զորակոչվել է բանակ` ծառայության անցնելով Արցախի Հանրապետության Մատաղիսի զորամասում։ Ծառայել է սիրով, երբեք չի բողոքել, սիրված է եղել ծառայակից ընկերների կողմից։ Մեկ տարի ութ ամսվա ծառայող է եղել, երբ սկսվել է չարաբաստիկ պատերազմը։
-Զուսպ, համեստ երեխա էր, մեծին հարգող, լսող, ցանկացած հարցով իրեն դիմեին երբեք չէր մերժի։ Գյուղի գործերով էր սիրում զբաղվել, ուսման մեջ առանձնակի հետաքրքրություն չուներ։ Դպրոցն ավարտելուց հետո մեկ ամսով ուղարկել էինք ՌԴ՝ Անապա, մորական պապիկի տուն, որպեսզի հանգստանա հետ վերադառնա։ Այնտեղ իրեն ասել են մի գնա, մնա այստեղ աշխատիր չի համաձայնել, ասել է` պետք է անպայման գնամ երկու տարի ծառայեմ, պարտքս տամ հայրենիքիս, նոր կմտածեմ աշխատանքի մասին,-պատմում է մայրը։
Երբ սկսվել է պատերազմը ընտանիքի անդամներին տարհանել են գյուղից։ Ընտանիքի երկու որդիները այդ ընթացքում գտնվել են ծառայության մեջ։ Կրտսեր որդին` Արամը, կարողացել է արագ կապ հաստատել տանեցիների հետ, իսկ Ալեքսանդրին մի քանի օր հետո է հնարավոր եղել կապվել ծառայող եղբոր հետ, քանի որ թեժ մարտերի ժամանակ կորցրել է հեռախոսը։ Ալեքսանդրը եղել է դիրքերում, երբ սկսվել է պատերազմը, հակառակորդին հաջողվել է գրավել իրենց դիրքը, այդ պատճառով Ալեքսանդրենց տեղափոխել են Եղնիկներ։
Երեք-չորս օրը մեկ զանգահարել է, ոչինչ չի պատմել միայն ասել է , որ լավ է և ամեն ինչ շուտ կվերջանա, անհանգստանալու կարիք չկա։ Վերջին անգամ զանգահարել է հոկտեմբերի 10-ին: Ծառայակից ընկերների խոսքով վիրավորվել է հոկտեմբերի 14-ին։
Պատերազմի ժամանակ ռազմական լրագրող Դավիթ Թորոսյանը` լուսանկարահանել է Ալեքսանդրին և իր մյուս ծառայակից ընկերներին։ Սակայն ընտանիքի անդամները պատերազմի ընթացքում չեն տեսնում այդ նկարները։ Պատերազմի ավարտից հետո` Դավիթ Թորոսյանը կապվում է Ալեքսանդրի եղբոր` Արամի հետ, փոխանցում է լուսանկարները, իսկ հետագայում ընտանիքի անդամները մասնակցում են «44- ի տղերքը» գրքի շնորհանդեսին։
Մանկության ընկերներից Նվերի խոսքով Ալեքսանդրը միշտ աչքի է ընկել իր հանգիստ ու պարզ բնավորությամբ։ Որպես ընկեր եղել է հավատարիմ, ցանկացած խնդրով աջակցող, հասնող։ Եղել են համադասարանցիներ, այնուհետև միասին ծառայել են Մատաղիսում` նույն գումարտակում, տարբեր վաշտերում։
«Պատերազմի ժամանակ Ալեքսանդրին հաջողվել էր կապվել ընտանիքի անդամների հետ, իսկ ինձ՝ ոչ։ Պատահական իրար տեսանք, ամուր գրկեցինք, հիշում եմ ասում էր` այնքան ենք կռվել, որ արդեն կոփվել ենք, անգամ փամփուշտը, որ ուզում է ինձ կպնել շրջանցում է։ Պատերազմի ընթացքում իր հոգին ավելի մարտական էր դարձել, ինչ-որ մարտական առաջադրանք կատարելու ժամանակ, եթե անգամ իր անունը չկարդային, ինքը արդեն մեկ քայլ առաջ էր գալիս, միշտ պատրաստակամ էր դուխը բարձր։ Մի օր էլ, երբ կրկին տեսանք իրար, սոված էր Ալեքսանդրը, գնացի կողքի դիրքից հաց բերեցի կերավ։ Լավ հիշում եմ դա վերջին հացն էր, որ կերավ, դրանից մի ժամ հետո տեղի է ունեցել դեպքը, սնարյադի հարվածից է ծանր վիրավորվել, ինձանից երեսուն մետր հեռու, անմիջապես մեկնել ենք օգնության ու կազմակերպել իր դուրսբերումը այդ տեղանքից,- պատմում է Նվերը»:
Վիրավորվելուց հետո իրեն տեղափոխել են Մարտակերտի հոսպիտալ, այնտեղ էլ են ռմբակոծել, այնտեղից տարել են Ստեփանակերտի հիվանդանոց, վիճակը շատ ծանր է եղել՝ գլխուղեղն է եղել վնասված: Ինքնաթիռով տեղափոխել են Երևան` Աստղիկ ԲԿ։
Մեծ դժվարությամբ գտել ենք իրեն, նշան ուներ աչքի ներքևի հատվածում, այդ նշանի միջոցով ճանաչել ենք։ Այդ օրվանից մինչև մայիսի 14-ը այդպես էլ գիտակցության չեկավ, քանի որ կյանքի հետ անհամատեղելի վիրավորում էր ստացել, գլխուղեղը ամբողջությամբ վնասվել էր։ Այդ ընթացքում կրտսեր եղբայրը` Արամը, ևս վիրավորվել է։ Ասում էր՝ ես, որ լավանամ գամ իր հետ խոսեմ՝ կբացի աչքերը, բայց այդպես էլ դուրս չեկավ կոմայից,- պատմում է մայրը` տիկին Սիլվան։
Ալեքսանդր Վահեի Ալեքսանյանը թշնամու դեմ մարտեր է մղել Մատաղիսի, Հոռաթաղի, Ալաշանի ուղղություններում։ Ցուցաբերած կամային բարձր որակների, խիզախության և անմնացորդ նվիրումի համար` հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ -ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Մանե Մանուկյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: