Ստեփան Սուլթանի Դավթյան (Հայր Վահան)

Ծնված՝ 1957թ․ դեկտեմբերի 8-ին Կամոյի շրջանի Ծաղկաշեն գյուղում։

Ապրում էր ծնողների, եղբոր ր քրոջ հետ Երևանում։

Ձեռնադրված էր Իջևանի Մակարավանքի վարդապետ։

Զոհվել է 1989թ․ նոյեմբերի 7-ին Իջևանում` հայրենանվեր սեփական նախաձեռնություն իրագործելիս։

Թաղված է Գայանե վանքի բակում։

․․․Սումգայիթի դեպքերից հետո խնդրեց, որ իրեն ուղարկեն Բաքվի հայկական եկեղեցի։ Այնտեղ «շատ անելիքներ ուներ»։ Մենք ամեն ինչ լավ հասկանում էինք, բայց ոչինչ չէինք նկատում, իր «անելիքներից» բացարձակ անտեղյակ։ Զգում էինք, որ ինչ-որ բան այնպես չէ, բայց ոչինչ անել չէինք կարող։ «Ամեն ինչ հենց այնպես է, ինչպես պետք է լիներ»՝ ահա նրա մշտական պատասխանը, և դրանով ամեն ինչ վերջանում էր։ «Իր գործերով ու անելիքներով», երբ Երևանում էր և տուն էր գալիս, փափուկ անկողին էի պատրաստում, որ քնի՝ հրաժարվում էր, ասելով, թե վատ կսովորի ու հետո անհրաժեշտության դեպքում ո՞նց պիտի գլուխը քարերին դնի։ Ինչո՞ւ էր հրաժարվում, ինչո՞ւ պիտի գլուխը քարերին դներ։ Ինչ-որ բան զգում, հասկանում էինք, բայց ոչինչ չէինք տեսնում։ Միայն գիտեինք, որ Բաքվում «շատ անելիքներ» ուներ։ Նաև զգուշացնում ու խնդրում էր, որ համարենք ոչ թե երեք, այլ երկու որդի ունենք․․․

Բաքվում տեղեկացնել էին, թե նա ինչով է զբաղվում, և վիճակը չափազանց լուրջ էր։ Շատ էր մտահոգված, որ այդ մասին Վեհափառը չիմանա, չանհանգստանա։

․․․Աստծո օգնությամբ, հնարավոր դարձավ նրան բերել Հայաստան։ Ձեռնադրվեց Իջևանի Մակարավանքի վարդապետ։ Զուր էինք կարծում, թե տեղափոխվելուց հետո ավելի հաճախ կհանդիպենք, մեր աչքի առաջ ու ավելի անվտանգ կլինի։ Ազգամիջյան հակամարտությունը գնալով սրվում էր, ու զուր հույսեր էինք փայփայում, թե այսպես նա ավելի ապահով կլինի։

Չէր սիրում իր նկատմամբ ավելորդ ուշադրություն։ Նեղվում էր։ Համարում էր, որ այդ ուշադրությունն ու հոգատարությունը ավելի շատ Սումգայիթից ու մյուս տեղերից բռնագաղթած, ծեծված, անարգված, անտուն իր քույրերին, եղբայրներին ու սահմանամերձ շրջանների բնակիչներին է պետք։ Թե չէ․․․ Ու սկսում էր ոգևորված նաև ցավով խոսել, խոսել, բացատրել։

Մեզ հետ առանձնապես չէր կիսվում «իր գործերից» բայց շատ բաներ արդեն չէր էլ թաքցնում, հնարավոր էլ չէր այլևս թաքցնել։ Միայն երբեմն-երբեմն ընդգծված մտերմությամբ, կես-լուրջ, կես-կատակ խնդրելով կպահանջեր․ «ոչինչ չեք տեսել, ոչինչ չեք լսել»։

Մենք հետո միայն հասկացանք, թե ինչով է զբաղված եղել Բաքվում, ինչու պետք է գլուխն «անհրաժեշտության դեպքում քարին դներ», և ինչու մենք պետք է համարենք և հաշտվենք որ ոչ թե երեք, այլ երկու որդի ունենք։

Ստեփա՜ն, Ստեփա՜ն, Ստեփա՜ն․․․ չենք հաշտվում, չենք հաշտվելու։ Երբեք։

Ու մեր աչքերը միշտ քո ճամփին՝ շարունակելու ենք քեզ սպասել․․․

Ծնողներ՝ Ստեփան Դավթյանի