Արթուր Ասատուրի Առուստամյան

Ծնված՝ 1964թ․ ապրիլի 16-ին Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղում։
Ապրում էր կնոջ և երկու անչափահաս դուստրերի հետ Չլդրանում։
Մասնագիտությունը՝ գյուղ մեխանիզատոր։
Աշխատում էր Չլդրանի պետական տնտեսությունում որպես մեխանիզատոր։
Զոհվել է 1989թ․ հոկտեմբերի 7-ին գյուղի ֆերմայի մարտական պահակակակետում՝ թշնամու գնդակից։
Թաղված է Չլդրանի գերեզմանոցում։
Ծնողներ չուներ Արթուրը։ Հորն ավելի վաղ էր կորցրել, իսկ մորը՝ բանակից վերադարձնել տեսել էր մահացած։
Եղբայրը տեղափոխվեց Երևան, իսկ ինքը՝ ոչ։ Մենակ մնացել էր գյուղում, որ հոր օջախի ծուխը «նորից եր ինի»։
Մենակ ու դժվար կյանք էր ապրել։ հետո ամուսնացանք, երեխաներ։ Անչափ ուրախ էր, որ իր հայրական տունը երկար ժամանակ փակ լինելուց հետո նորից շունչ ու կյանք էր առել, երեխաների աղմուկով լցվել։ Նոր-նոր սկսել էր ինքն էլ շունչ առնել ու․․․ Շարժումը սկսվեց։
Հիմա արդեն ցերեկն աշխատում էր, գիշերը՝ հերթապահում։ Հասցնում էր նաև Ստեփանակերտի ցույցերին, միտինգներին, երթերին մասնակցել։ Միտինգը՝ միտինգ, հերթապահությունը՝ հերթապահություն, բայց իր աշխատանքից, իր վար ու ցանքից ոչ մի րոպե չկտրվեց։ Չէր էլ կարող, երեխեքին ո՞նց պահեր։
Անընդմեջ դարձան կրակոցները, գյուղի վրա հարձակումները, անասնագողությունը, պատանդները։
Գիշեր-ցերեկ ինքը դրսում, երեխաների հետ վտանգավոր էր, այլևս վախենում էինք մենակ մնալ։ Շատ էինք խնդրել, որ մեզ մենակ չթողնի։ «Հի՞նչա, իմ արոնը մնացածներան մոգա՞, որ շատերն իրենց տներից դուրս չէին գալիս։ Ինքն էլ ինձ մի խնդրանք ուներ ու շարունակ կկրկներ «թա ինձ մի պեն ինի, խոխոցը լավ եշիս»։
Կեսգիշերին տուն եկավ, ուտելիք ու տաք շոր վերցրեց ու գնաց։ Զգուշացրեց, որ քնով չանցնենք, կրակոց լսելու դեպքում երեխաներին հագցնեմ, պատրաստեմ, որպեսզի գա և տեղափոխի ավելի ապահով տեղ։
Լուսադեմին կրակոց լսվեց։ Արեցի ճիշտ այնպես, ինչպես պատվիրել էր ու սպասում էինք, բայց ինքը խոստացածի ու պայմանավորվածի պես չեկավ։ Փոխարենը մեր համագյուղացի մի կին եկավ․ Արթուրին էր հարցնում։ Քիչ անց այդ կինը նորից եկավ ու էլի հարցնում էր։
Բոլորս պատրաստ սպասում էինք ու սպասում, Արթուրն ուր որ է հիմա կգա։
Լուսաբացին լուր բերեցին, որ նրան վիճակով տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց։ Հասա՝ ուշ էր այլևս, աչքերն էլ չբացեց։ Գլխին էին խփել։
․․․Նա էլի մեզ հետ է, էլի միասին ենք իր ծնողների մեկ անգամ արդեն մարած օջախում, միայն թե, որպեսզի հիմա արդեն և նրանց, և իր օջախի ծուխը «նորից եր ինի»․․․
Այրի՝ Արթուր Առուստամյանի
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: