Անմահ հերոս Արթուր Գրիգորյան

Արթուր Վարդանի Գրիգորյանը ծնվել է 1986 թվականի նոյեմբերի 23-ին՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Գյումրու թիվ 28 դպրոցում։ 2007 թվականին՝ բարձր առաջադիմությամբ ավարտել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Արմենակ Խանփերյանցի անվան ՊՆ ռազմական ավիացիոն համալսարանը։ Ավարտելուց անմիջապես հետո՝ լեյտենանտի կոչումով ծառայության է անցել Արցախի Հանրապետությունում։ Արթուրը Մարտակերտիշրջանի զորամասերից մեկում նշանակվել է հրետանային ստորաբաժանման կապի պետ, որից երկու տարի անց ստացել է ավագ լեյտենանտի կոչում։
Դեռ 4 տարեկանում Արթուրն արդեն սովորել էր պատվի առնել։ Եղբայրը՝ Արտյոմը, պատմում է, որ իրենց պապիկի կողքով անցնելիս Արթուրը միշտ պատվի է առել ու հայտարարել՝ ծառայում եմ Հայաստանիս. «Պապիկիս ասում էր՝ պապիս թոռն եմ, ծառայելու եմ հայրենիքիս։ Պապս թոռան մեջ սերմանել էր այդ ոգին»,- պատմում է Արթուրի եղբայրը՝ Արտյոմը։
Արթուր Գրիգորյանն ամուսնացած էր, ուներ երկու դուստր չորս և հինգ տարեկան։
«Ծառայությունից համարյա ոչինչ չէր պատմում, որովհետև ծառայությունն իր համար լրիվ ուրիշ աշխարհ էր։ Ինքը մտածում էր, որ ծառայությունը պիտի մնա զորամասի պատերի մեջ, տանը չէր խոսում դրա մասին, փոխարենը՝ իր զինվորներից էր պատմում»,- պատմում է Արթուրի կինը՝ Սյուզաննան։
Հինգ տարի Արցախում ծառայելուց հետո՝ ավագ լեյտենանտը տեղափոխվել է Երևան։ ՀՀ զորամասերից մեկում եղել է կապի գումարտակի դասակի հրամանատար։ Երկու տարի անց էլ՝ 2014 թվականին, ծառայությունը շարունակել է Գյումրիում՝ այս անգամ որպես զորամասի հակատանկային ստորաբաժանման կապի պետ։
«Ամուսինս որոշել էր օդաչու դառնալ, բայց ցավոք իր ընդունվելու տարում ավիացիոն համալսարանում օդաչուի ընդամենը մեկ տեղ է եղել, և որպեսզի մեկ տարի չկորցնեն՝ ընկերոջ հետ որոշել են ընդունվել կապի բաժին, իսկ մյուս տարի արդեն փոխել մասնագիտությունը՝ որպես օդաչու»,- պատմում է Սյուզաննան
Արթուրն օդաչու չդարձավ, քանզի զինվորականին գրավել էր իր՝ պատահական ընտրված մասնագիտությունը, որում էլ նա հմտացավ և համալրեց ՀՀ Զինված ուժերի շարքերը։ Ասվածի մասին են վկայում Արթուրի գերատեսչական պատվոգրերն ու մեդալները, որոնք նա ստացել է արդեն Իջևանում անցկացրած ծառայության ժամանակ։
Կինն ասում է, որ Արթուրը միշտ հայրենասեր է եղել։ Միշտ մտածել է, որ հայրենիքի պաշտպանությունն իր պարտականությունն է.
«Ասում էր՝ վատ երեխա կամ վատ զինվոր չկա, ուղղակի պետք է ճիշտ ուղու վրա դնել իրենց»,- հիշում է Սյուզաննան։
Արտյոմն Արթուրի հետ վերջին անգամ խոսել է զոհվելու դեպքից ժամեր առաջ։
«Զանգեց, ասաց՝ նոր կամազ է (Հեղ.՝ գրված է հենց Արթուրի օգտագործած բառը) արագ չի գնում, պետք է գնամ «սեմուշկի» (սնարյադ), ո՞նց անեմ, որ արագ գնամ ու դրանք ինձ չխփեն։ Ես էլ վարորդ եմ, ասացի, թե ինչ պետք է անի։ Հետո իմացա, որ իր մարտական ընկերներից մեկին իմ հեռախոսահամարն է տվել, ասել է՝ եթե ինձ բան լինի, զանգեք թող Արտյոմը գա տանի։ Ընկերն էլ իր կնոջ համարն է տվել Արթուրին»,- հուզմունքը հազիվ զսպելով՝ պատմում է Արտոյմը։
Ավագ լեյտենանտ Արթուր Գրիգորյանը մարտադաշտում էր 2020 թվականի հոկտեմբերի 1-ից։ Նա զոհվել է հոկտեմբերի 17-ին զենք, զինամթերք տեղափոխելիս՝ անօդաչու թռչող սարքի հարվածից:
Արթուրի մարտական և ծառայակից ընկերները նրան բնութագրում են՝ որպես հոգատար սպա, հրամանատար։ Արթուրն իր զինվորների համար ոչ թե հրամանատար էր, այլ հավասարը հավասարին ծառայակից ընկեր։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Սեդա Մակարյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: