Անմահ հերոս Հովհաննես Բեյբության

Հովհաննես Սպարտակի Բեյբությանը ծնվել է 1997թ.-ի սեպտեմբերի 7-ին՝ Արագածոտնի մարզի Արագած գյուղում։
Հարազատները նրան կրճատ կոչում էին Հովաս:

«Դպրոցում նա անմիջապես սիրվեց ուսուցիչների և ընկերների կողմից` դառնալով գերազանց աշակերտ, ազնիվ ու բարի ընկեր, առաքինի որդի, պաշտելի եղբայր»,- պատմում է Հովհաննեսի հորաքրոջ աղջիկը` Քաղցրիկ Խաչատրյանը։
Հովհաննես Բեյբությանը սիրում էր հայոց պատմություն ու առաջնորդվում էր Նժդեհի գաղափարներով։ Մտերիմները պատմում են, որ մի անգամ Տաթևի վանական համալիրում բանավեճի մեջ է մտել զբոսավարի հետ՝ Հալիձորի մարտերի վերաբերյալ։ Տպավորված տղայի գիտելիքներով՝ տեղի քահանան նրան նվիրել է Նարեկացու «Մատյան ողբերգության» օրինակ։

«Հայրենիքին ու վեհ գաղափարներին նվիրվածության վառ օրինակ էր Հովասը»,- պատմում է նրա քույրը` Արփինե Բեյբությանը, ավելացնելով, որ եղբայրը բացառիկ վերլուծական միտք ուներ։

2014 թ.-ին Հովհաննեսն ավարտել է Արագածի համար 2 միջնակարգ դպրոցն ու ընդունվել Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Պատմության և Իրավագիտության ֆակուլտետի՝ իրավագիտության բաժինը։ Սովորել է անվճար հիմունքներով, ինչի հետևանքով էլ՝ ծառայության է մեկնել համալսարանն ավարտելուց հետո։ Զորացրվելուց հետո Հովհաննեսը նպատակ ուներ դիմելու մագիստրատուրա:

«Բարի էր, ընկերասեր, հումորով, խելացի, ժամանակից կարծես շուտ էր հասունացել»,- պատմում է Արփինեն ու հավելում, որ իր զինվորը բանակում էլ ծառայակիցների համար ավագ ընկեր էր ու «հեղինակություն»։
Բեյբությանը բանակ է զորակոչվել  2019թ.-ի հուլիսի 2-ին։ Ծառայությունն անցկացրել է Արցախի Հանրապետության Ասկերանի զորամասում. հաստիքով դիպուկահար էր։

Նրա բանակային ընկերներից Ալբերտ Ավանեսյանը պատմում է, որ երբ Հովհաննեսը գումարտակում պատմությունից էր խոսում, բոլորը լուռ լսում էին, լսելու էին գալիս նաև մյուս գումարտակներից։
Սեպտեմբերի 27-ից` Արցախյան 44-օրյա պատերազմի հենց առաջին օրվանից, Հովասի ստորաբաժանումը ներգրավված է եղել մարտական գործողություններին։

Քաղցրիկ Խաչատրյանի խոսքով Հովհաննեսն արդեն ջոկի հրամանատար էր ու առաջիններից է նստել մեքենան՝ դեպի դիրքեր։
«Նա ոգեշնչում էր տղաներին, ասում էր, որ եթե հիմա չգնանք, վաղը թուրքը մեր տուն կմտնի»,- պատմում է Արփինե Բեյբությանը։

Հոկտեմբերի 11-ին Հադրութի շրջանի «Թութակներ» կոչվող տեղամասում, հրետանին հարվածներ է հասցնում Հովհաննես Բեյբությանի ու ծառայակից ընկերների ուղղությամբ, ինչի հետևանքով՝ 15 օր կենաց-մահու պայքար մղելուց հետո, Հովհաննեսն անմահանում է։

Հովհաննես Բեյբությանը հետմահու արժանացել է Արցախի Հանրապետության «Արիություն», «Մարտական ծառայություն», ինչպես նաև  «Մանկավարժական համալսարան», «Զինվոր հայրենյաց» մեդալների։
Նրա աճյունը հանգչում է հայրենի Արագած գյուղում։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Սիմոն Հովհաննիսյան

 

 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Մեկնաբանություններ