ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ


Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ֆոսֆորային ռումբեր օգտագործած ադրբեջանցիները  բնապահպանական պատրվակով վերջին օրերին երկրորդ անգամ արգելափակեցին Ստեփանակերտ-Գորիս կյանքի ճանապարհը` նոյեմբերի 9(10)-ի եռակողմ համաձայնագրով միջանցքի կարգավիճակ ստացած մայրուղին:
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կազմակերպված սադրիչ գործողությունները, որոնք միտված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը:
Դիմում ենք Արցախի Հանրապետության քաղաքացիներին` ցուցաբերել զսպվածություն, լինել զգոն, որպեսզի միասնական ջանքերով կանխենք ադրբեջանցիների ցանկացած սադրիչ գործողություն: Իր գոյապայքարի ընթացքում բազում դժվարություններ հաղթահարած մեր ժողովուրդը այս անգամ էլ կդիմակայի առկա և ապագա մարտահրավերներին:
Միջազգային հանրությանը կոչ ենք անում կոնկրետ քայլերով գործողություններ ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները:
Ռուս խաղաղապահներին հորդորում ենք եռակողմ համաձայնագրի շրջանակում առավել կոշտ միջոցներով կանխել ադրբեջանցիների նմանօրինակ հակամարդկային գործողությունները:

«ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ»
խմբակցության ղեկավար՝                      Դ. ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

«ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ»
խմբակցության ղեկավար՝                       Ա. ՄՈՍԻՅԱՆ

«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ»
խմբակցության ղեկավար՝                       Դ. ԳԱԼՍՏՅԱՆ

«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ»
խմբակցության ղեկավար՝                       Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

«ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ – ՔՄԴ»
խմբակցության ղեկավար՝                       Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

12 դեկտեմբերի, 2022 թվական