Նախագահ Հարությունյանն հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ
![Նախագահ Հարությունյանն հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ Նախագահ Հարությունյանն հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ](https://banak.info/wp-content/uploads/2022/08/fb_img_1659456279046-scaled.jpg)
Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 2-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ` ԱԺ քաղաքական ուժերի մասնակցությամբ:
Քննարկվել է շփման գծում նախօրեին ստեղծված իրավիճակը: Զեկուցմամբ հանդես է եկել պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը: Նախարարի խոսքով՝ լարվածությունը շփման գծի մի շարք հատվածներում շարունակվում է պահպանվել, և Պաշտպանության բանակը տիրապետում է իրավիճակին՝ առանց մարդկային ու դիրքային կորուստների:
Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ կապող միջանցքին: Ադրբեջանական կողմը Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջ է ներկայացրել առաջիկայում երթևեկությունը նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ:
Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են ստեղծված իրավիճակում ձեռնարկվելիք քայլերն, այդ թվում՝ նաև ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով անվտանգ երթևեկության ապահովումը:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: