Անմահ հերոս կապիտան Մկրտիչ Քարամյան

1993 թվականի դեկտեմբերի 11-ին Քարամյանների ընտանիքում ծնվում է տան կրտսեր տղան՝ Մկրտիչը։ Շիրակցի տղան սովորում է գյուղի Փոքր Մանթաշի՝ Հենրիկ Սուքիասյանի անվան միջնակարգ դպրոցում։ Այնուհետև ուսումը շարունակում է Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտում, որն ավարտելուց հետո ծառայության է անցնում Արցախի՝ Ջեբրայիլի (Ջրական) զորամասերից մեկում։
«Մկրտիչը բնավորությամբ շատ հանգիստ էր, քչախոս, ամաչկոտ, բայց միևնույն ժամանակ շատ կատակասեր, ընկերասեր, սիրում էր ասմունքել»,- ասում է Մկրտիչի եղբայրը՝ Պավլիկը:
Ասում է՝ եղբայրը շատ ամաչկոտ էր։ Շատ կապված են եղել իրար. ամեն պահի իրար օգնել են, հարեհաս եղել, իսկ հիմա Պավլիկը չի գտնում մեկին, ում կկարողանա այդչափ նվիրվել, հավատալ, վստահել․ «Մեր տարիքային տարբերությունը մեկ տարի էր, բայց Մկրտիչը ինձ ընդունում էր որպես հայր, երբեք չէր հակաճառում, միշտ լսում էր խորհուրդներս։ Մենք միշտ մեկս մյուսին պատմում էինք մեր նպատակների ու ծրագրերի մասին ու միշտ աջակցում էինք միմյանց»,- նշում է Պավլիկը։
Մկրտիչը որքան համեստ էր, կրկնակի կատակասեր ու հումորով էր՝ բնորոշ շիրակցուն. «Նա սիրում էր իր մասնագիտությունը և իրեն ամբողջությամբ նվիրել էր հայրենիքի պաշտպանությանը»,- պատմում է Պավլիկը և հավելում՝ եղբայրը հենց հայրենասիրությամբ էլ տարբերվում էր բոլորից:
Պատերազմի սկսվելու ժամանակ Մկրտիչը առաջնագծում է եղել։ Ինչպե՞ս կարող էր չկռվել հայրենիքի համար այդ օրհասական պահերին, Մկրտիչը մեկնել էր առաջնագիծ՝ մասնագիտական ողջ ներուժն ու գիտելիքները ի գործ դնելու հանուն հայրենիքի։ Այդ ծանր օրերին երկու եղբայրներն էլ Արցախում են եղել, տարբեր վայրերում։ Նրանց մայրը՝ տիկին Արաքսյան, պատերազմի ծանր օրերն աղոթքով էր լուսացնում, որ որդիները ողջ-առողջ տուն դառնան:
«Ես Մարտակերտում էի, եղբայրս՝ Ջրականում (Ջեբրայիլ)։ Այդ ժամանակահատվածում միմյանց հետ չենք խոսել կապերի բացակայության պատճառով։ Մեկս մյուսիցս լուր ստանում էինք ընտանիքիս անդամների միջոցով»,- ասում է Պավլիկը։ Ամենաթեժ օրերին անգամ միմյանցից լուր չունենալով՝ որքան էլ անհանգիստ են եղել իրենց հարազատի հանդեպ, ոչ մեկը՝ ոչ Պավլիկը, ոչ Մկրտիչը չի թերացել իր գործն անելիս։ Նրանք երկուսն էլ եղել են ամենաանվախներից, ամենաքաջերից, վկայում են նրանց մարտական ընկերները։
«Եղբայրս զոհվել է հոկտեմբերի 4-ին հրազենային վիրավորումից։ Նախքան զոհվելը նա երկու ոտքից վիրավոր է եղել, բայց հրաժարվել է բուժօգնությունից և մինչև վերջ մնացել է իր դիրքում, իր զինվորների կողքին և մինչև վերջին շունչը կռիվ տվել թշնամու հետ»,- եղբոր մասին կարոտով պատմում է Պավլիկը։
Մկրտիչը կոչումով կապիտան էր, եղբայրը՝ Պավլիկը՝ մայոր։
«Ընտանիքս միշտ անհանգստացել է մեր ընտրության համար, բայց երբեք դեմ չեն կանգնել մեր ցանկություններին և որոշումներին։ Նրանք միայն աջակցել են մեզ այդ հարցում»։
Հենց ընտանիքից էլ բխել է հայրենասիրությունը։ Այդ տանը բոլորն էլ գիտակցել են՝ հայրենիքը սեփական անձից վեր դասել է պետք։ Մկրտիչը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Արիության» մեդալով և «Մարտական ծառայություն» մեդալով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Աննա Խաչատրյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: