Անմահ հերոս Ջիվան Գրիգորյան

Ջիվան Սամվելի Գրիգորյանը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 4-ին Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, այնուհետև ընդունվել Շիրակի պետական համալսարանի ֆիզիկական դաստիարակության և սպորտի բաժինը։ 2016 թվականից ծառայության է անցել ԱԱԾ սահմանապահ զորքերում` ստանալով կրտսեր սերժանտի կոչում։ Ընկերները պատմում են, որ ոչ միայն հայրենիքին էր նվիրված, այլև ընկերությանը. բոլորին օգնող ու հասնող տեսակ էր։ 2020 թվականին սկիզբ առած պատերազմում առաջիններից մեկն էր, որ մեկնեց Արցախ։

Ջիվանի քույրը` Գայանեն, պատմում է. «Ինձ համար շատ դժվար է եղբորս մասին անցյալով խոսել։ Համբերատար, ցանկացած դժվարության առաջ կանգ չառնող ու ժպիտով հաղթահարող էր ամեն դժվարություն»։
Ջիվանը զբաղվել է դահուկավազքով։ Մարզիչը` Սողոյան Սերգեյը պատմում է. «Դահուկավազքում լավագույն սաներիցս մեկն էր։ Պարապմունքների ժամանակ ոգևորում էր հետ մնացողներին, խելացի, բոլորին օգնելու պատրաստակամությամբ լուսավոր ժպիտով տղա էր Ջիվանը»։
Ջիվանը կռվել է Ջրականի (Ջեբրայիլ) դիրքերում, կռվել աննահանջ, վիրավորվել է մի քանի անգամ, սակայն հրաժարվել է տուն վերադառնալ, փրկել է վիրավոր զինվորների կյանք։ Դիրքերում նշել է ծննդյան 29-րդ ամյակը, որից օրեր հետո՝ հոկտեմբերի 19-ին զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածից։ Պարգևատրվել է «Մարտական ծառայություն մեդալով»։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Անի Մարտիրոսյան