Անմահ հերոս Հովհաննես Պորտուգալյան

Հովհաննես Վիլիկի Պորտուգալյանը Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներից մեկն է։ Պատերազմի ժամանակ կռվել է Վարանդայի (Ֆիզուլի) հատվածում, ընկերների հետ միասին դիմադրել դիվերսիոն ներթափանցման փորձերին ու մասնակցել ընթացող թեժ մարտերին:

«Օրեր շարունակ լուռ էր, մտահոգ, ինքն իր նման չէր, ինքն իր տեղում չէր, անհամբեր էր: Հոկտեմբերի 5-ին զորակոչի նամակը եկավ ու մեկնեց պատերազմ»,- պատմում է Լիանան՝ Հովհաննեսի կինը:
«Պահեստազորի տղաները՝ Հովհաննեսն ու իր ընկերները, փրկել են իրենց հետ դիրքում եղած ժամկետայիններին: Երբ անձնակազմը հսկողություն իրականացնելիս է եղել ԱԹՍ-ն ընկել է դիրքի վրա, ինչի հետևանքով մեկ զոհ և 3 վիրավոր են ունեցել»,- այս մասին պատմել են Լիանային։
Վիրավորների մեջ էր նաև Հովհաննեսը: Նրանց «Ուրալ» մակնիշի մեքենայով փորձել են հասցնել զինվորական հոսպիտալ, ճանապարհին հանդիպել են թշնամու կողմից դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ իրականացնող խմբի ու հայտնվել շրջափակման մեջ: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին, այդ օրից ի վեր ընտանիքը ոչ մի լուր չի ունեցել Հովհաննեսից։ Միայն 2021թ. մարտին որոնողական աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերվել է մարմինը։
Հովհաննես Պորտուգալյանը ծնվել է 1981 թ. հոկտեմբերի 28-ին Երևանում, ամուսնացած էր, ունի զույգ դուստրեր։ 1999 թ. էլ զորակոչվել է բանակ՝ ծառայության անցնելով Գորիսի զորամասերից մեկում։ Հովհաննեսը նկարելու և քանդակելու տաղանդ ուներ։
Հովհաննես Պորտուգալյանը հետմահու պարգևատրվել է  Արցախի նախագահի հրամանագրով «Արիության» համար մեդալով:
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Մերի Մանուկյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Մեկնաբանություններ