Անմահ հերոս Գևորգ Կիրակոսյան

«Ու հիմա, եթե սաղ աշխարն էլ ասի, որ Գևորգը չկա, իմացեք` ես կամ». Արցախյան վերջին պատերազմում զոհված Գևորգ Կիրակոսյանի տողերն են, որոնք հարազատները գտել են նրա բջջային հեռախոսից։ Գևորգը հրաժեշտի նամակ էր գրել ընտանիքի անդամներին, առանձին-առանձին անդրադարձել յուրաքանչյուրին ու իր անսահման սերը հայտնել նրանց։ Այս նամակը նա գրել է մինչև պատերազմն սկսելը` հուլիսի 19-ի։

Գևորգ Դավթի Կիրակոսյանը ծնվել է 1996թ. դեկտեմբերի 22-ին Ալավերդի քաղաքում: Նա սովորել է ք. Ալավերդու թիվ 12 միջնակարգ դպրոցում, ապա ուսումը շարունակել և գերազանց ավարտել ք. Ալավերդու թիվ 2 հիմնական դպրոցում: 2011-2014 թվականներին գերազանց սովորել է ք. Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարանում՝ ստանալով տրակտորիստ-մեխանիզատորի մասնագիտություն: 2014-2018 թվականներին սովորել է ՌԴ ՀԴՀ համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Բայց Գևորգի ճամփան այլ էր։ Վերադառնալով հայրենիք՝ 2018թ. ընդունվում է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան և մեկ տարի հետո ստանում լեյտենանտի զինվորական կոչում: Լեյտենանտ Կիրակոսյանը 2019թ. ծառայության է անցնում Մատաղիսում՝ որպես ԿԱԴ-ի (կրակային աջակցման դասակ) հրամանատար: Գևորգի կոչման համար նրան հրամանատար (կոմանդիր) ասելու փոխարեն Կոմանդոր էին ասում։ Հենց այդպես էլ նրան ճանաչում էին` Կոմանդոր Գևորգ։
«Գևը մեր տան փոքրն էր. մեր տարիքային տարբերությունը 15 տարի էր։ Նա մեր երեխան էր կարծես։ Կենսուրախ, հոգատար, մշտապես անակնկալներ մատուցող, ամեն պահն արժևորող էր»,- պատմում է Գևորգի քույրը` Էլզան, և շարունակում,- մի օր մեր չարաճճին դասից ուշացած է լինում։ Ժպտալով ներս է մտնում, ուսուցիչը բարկանում է` քիչ չի ուշացել ես, մի հատ էլ այնպիսի դեմք ես ընդունել, կարծես՝ ինձ համար ինչ-որ բան ես բերել։ Գևորգն արագ դուրս է վազում և քիչ անց վերադառնում քաղցրավենիքով։ Բոլորը Գևորգին ճանաչում էին ԿԳԴ (Կիրակոսյան Գևորգ Դավթի) 409 մականունով։ 409-ը նրա թիվն էր։ Էլզան հիշում է, որ այդ թիվը պատահմամբ հայտնվում էր նրա բոլոր փաստաթղթերում, խանութից ստացված կտրոններում, արտերկրից ուղարկված վերնաշապիկին, անգամ իր ավտոմեքենայի սերիական համարն է 409։ Իր զինվորական ծառայության 409-րդ օրն էլ լեյտենանտ Կիրակոսյանը զոհվում է Մատաղիսի ձոր կոչվող տարածքում։
«Հոկտեմբերի 9-ին Մատաղիսի ձորում Գևը մի վիրավորի հետ է եղել։ Անօդաչուն տեղորոշել է նրանց։ Գևորգը հարվածը վերցնելով իր վրա` մարմնով փակել է վիրավորին ու փրկել նրա կյանքը»,- պատմում է Էլզան։

«Իմ գնահատականը տալու է իմ ժողովուրդը». Այս խոսքերը Գևորգը հաճախ էր կրկնում։ Թե ինչ նվիրվածությամբ է մարտնչել, ինչքան ընկերասեր ու հայրենասեր է եղել նա, պատմում է Գևորգի դասընկեր Դավիթ Ավետիքյանը.
«Սեպտեմբերի 27-ին Հայաստանից Մարտակերտ ենք հասնում, հագուստ և զենք էր պետք տղաներին: Մեր մյուս ընկերոջ՝ Վահե Հակոբյանենց տանն էինք ու առավոտյան պիտի շարունակեինք ճանապարհը: Գևորգն ասում է՝ ինձ երկու րոպե ժամանակ տվեք՝ ասեմ, թե ինչ ենք անելու, ու փակվում է սենյակում։ Մի որոշ ժամանակ անց մենք անհանգստացած սենյակ ենք մտնում: Տեսնենք` Գևն ինստագրամյան իր էջում գրում է. «Պատի՛վ ունեմ». Զարմանում ենք, մենք իրեն ենք սպասում, ինքն ինտերնետում է։ Ասում է՝ պատերազմից հետո կհասկանաք արածիս ու գրածիս իմաստը, իսկ հիմա քնեք: Առավոտը երկար ճամփա ենք կտրելու. բարդ օր է սպասվում»։

Այսօր արդեն բոլորն են հասկացել Գևորգի վերջին գրառման նշանակությունը, որ հայրենիքի համար կռվելն ու զոհվելն էր լեյտենանտ Կիրակոսյանի համար պատիվ: Հանրապետության նախագահի հրամանով` Գևորգ Դավթի Կիրակոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Աննա Խաչատրյան