Անմահ հերոս Արկադի Բաղդասարյան

44-օրյա պատերազմում զոհված Արկադի Բաղդասարյանը ծնվել է 1983թ. սեպտեմբերի 2-ին Շիրակի մարզի Բասեն գյուղում։ Կրթություն է ստացել Բասենի միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո Արկադին մեկնել է ծառայության Ասկերանի զորամասում: Ունի երեք անչափահաս երեխա` երկու աղջիկ և մեկ տղա։

«Արկադին շատ բարի, համեստ և խիզախ մարդ էր»,-պատմում է նրա կինը` տիկին Նազիկը։ Նա վայելում էր բոլորի սերն ու հարգանքը, եթե ինչ-որ մեկին նրա օգնությունն էր պետք, առանց վարանելու հասնում էր օգնության։ Պատերազմի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, միանալով զորահավաքին մեկնում է Մեխակավան (Ջեբրայիլ): Գնդացրորդ էր։ Կինը պատմում է՝ Արկադին վճռական էր տրամադրված. պետք է գնար ու վերջ: Իր մարտական ընկերներից մեկը` Մնացականը, պատմում է, թե ինչպես էր Արկադին բոլորին ոգևորում իր հայրենասիրական երգերով։
Ընտանիք անդամների մտածմունքներին ու հետ վերադառնալու խնդրանքներին ի պատասխան, Արկադին միշտ ասում էր՝ «եթե ամեն մեկս թողնենք ու գանք, ո՞վ պիտի հայրենիքս փրկի, եթե գամ թուրքն էլ մեր տուն կգա»:
Հոկտեմբերի 15-ին Մեխակավանում մղվող թեժ կռիվների ժամանակ Արկադի Բաղդասարյանը զոհվում է ԱԹՍ-ի հարվածից։ Արկադին հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայության» մեդալով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Տիրուն Մարգարյան