Տեղի ունեցավ փոխգնդապետ Դավիթ Նազարյանին նվիրված ֆիլմի պրեմիերան ու գրքերի շնորհանդեսը

Տեղի ունեցավ փոխգնդապետ Դավիթ Նազարյանին նվիրված ֆիլմի պրեմիերան ու գրքերի շնորհանդեսը

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հազարավոր հայորդիներ անմահացան ու հերոսացան: Նրանցից մեկն Արցախի Հանրապետության 9-րդ ՊՇ-ի 3-րդ հրաձգային գումարտակի հրամանատար Դավիթ Նազարյանն էր, որն իր գումարտակի տղաների հետ՝ մինչև վերջին շունչը աննահանջ կռիվ էր տվել:
Օրերս «Դաբլ Թրի բայ Հիլթն» հյուրանոցի մեծ դահլիճում տեղի ունեցավ փոխգնդապետի հիշատակին նվիրված գրքի շնորհանդեսն ու հուշ երեկոն։
Երեկոյի ընթացքում հեղինակ Մարիաննա Շահինյանը ներկայացրեց.
«Երդվյալը. Ջաբրայիլի Արծիվը» գիրքը ներառում է հերոսի մանկությունից մինչև զինվորական ծառայության տարիներն ու պատերազմի ընթացքը: Գրքում նկարագրվում է նրա առաջնորդի կերպարը, մարդկային հատկանիշները: Պատերազմի ընթացքում հրամանատարն աչքի է ընկել բացառիկ խիզախությամբ՝ օրինակ ծառայելով զինակիցներին և մինչև վերջ հավատարիմ մնալով հայրենիքին տված երդմանը: «Առաջնագծի մարտիկը» գիրքը ներառում է 9-րդ ՊՇ, 3-րդ ՀԳՄ-ի անմահացած տղաների կենսագրությունները, նրանց սխրանքներն ու քաջագործությունները արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ:
Միջոցառումը համեմված էր երաժշտական համարներով, անընդհատ ցուցադրվում էին գումարտակի տղաների մասնակցությամբ տեսանյութեր, որտեղ երգում ու քաջաբար մարտի էին ելնում:
Հանդիպման երկրորդ մասում տեղի ունեցավ Դավիթ Նազարյանին նվիրված «Դավիթը» ֆիլմի առաջին ցուցադրությունը, որից հետո ծնողները երկինք ուղարկեցին իրենց տղաների անուններով ճերմակ փուչիկները, որոնք պիտի ձուլվեին հերոս որդիների հոգիներին:

Իննա Թումանյան