Օձունում բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված խաչքար

Հուլիսի 31-ին Օձուն խոշորացված համայնքում տեղի ունեցավ 2020թ.-ի Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին բազմաթիվ հյուրեր տարբեր համայնքներից, մշակույթի գործիչներ, զոհվածների ընտանիքի անդամներ, զինվորականներ ու ԵԿՄ ներկայացուցիչներ:

Խաչքարը ստեղծման գաղափարը մոսկվայաբնակ օձնեցի Վահան Մայիլյանինն էր:
Խաչքարի օծման արարողությունը կատարվել է Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ:
Արարողության ժամանակ բացման խոսքով հանդես եկավ Օձուն խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը, հետո ելույթ ունեցան Օձունի մշակույթի տան «Արար» թատերախմբի սաները:
Միջոցառման ընթացքում Ալավերդու զինկոմն ընթերցեց ՀՀ և ԱՀ նախագահների՝ պատերազմում զոհված երկու օձուեցիներին հետմահու պարգևատրելու մասին հրամանագրերը: Միջոցառման ընթացքում անուն առ անուն հիշեցին համայնքի տասնմեկ զոհերին, ապա տասնմեկ ճերմակ աղավնիներ ուղարկեցին երկինք՝ միանալու մեր հերոսների հոգիներին ու շարունակելու վերերկրային անսասան թռիչքը դեպի հավերժություն: