Անմահ հերոս Արեն Չոբանյան

Արեն Ավագի Չոբանյանը ծնվել է 2001թ-ի մայիսի 30-ին Լոռու մարզի Ագարակ գյուղում։

2007թ-ին հաճախել է դպրոց։ Մինչև 4-րդ դասարանը սովորել է Յաղդան գյուղի 9-ամյա դպրոցում, հետո տեղափոխվել Ագարակի միջնակարգ դպրոց։
2019թ-ին ավարտել է դպրոցը։ Լավ է սովորել, մասնակցել է դպրոցական բոլոր միջոցառումներին։

Ավարտելուց հետո ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ։ Ցանկանում էր սպորտային մեկնաբան դառնալ։ 2019թ-ի հուլիսի 22-ին զորակոչվել է բանակ։
«Արենս չափից շատ բարի էր, աշխույժ, միշտ ժպտում էր։ Այնքան գեղեցիկ ժպիտ ուներ։ Շատ ընկերներ ուներ, ամբողջ օրն իրենց հետ էր։ Հասցնում էր տանը օգնել հորն ու մորը։ Նապաստակներ ուներ, անձամբ էլ խնամում էր։ Շատ դրական էր։ Սիրում էր պարել, նկարվել։ Ամեն կիրակի պարտադիր եկեղեցի էր գնում, ավագ եղբոր համար մոմ էր վառում։ Աստծուն շատ էր հավատում, ասում էր՝ Աստված ինձ շատ է սիրում։ Շատ բարձր տրամադրությամբ գնաց բանակ։ Ասում էր՝ մինչև մեդալ չպոկեմ, չեմ գալու»,-պատմում է Դիանան՝ Արենի մորաքույրը։

Արենը 6 ամիս ծառայել է Արմավիրի զորամասում, ապա տեղափոխվել Իվանյան։ Լավ է ծառայել, շնորհակալագրեր ու պատվոգրեր են ուղարկել։ Որպես լավագույն նշանառու, նրան «Զինուժ» հաղորդումը նկարել էր։ Նաև կորոնավիրուսի վերաբերյալ տղաների հետ գովազդ են նկարել։

Սեպտեմբերի 28-ի կեսօրին Արենը զանգահարել է ընտանիքի անդամներին և տեղեկացրել, որ իրեն տարել են Եղնիկներ։
«Մի անգամ, երևի երեք-չորս տարեկան կլիներ, տանը առանց ասելու հարևանի աղջկա ձեռքը բռնել էր ու գնացել տնից շատ հեռու դաշտ՝ ծաղիկներ հավաքելու։ Իր հայրիկի ընկերն էր պատահական տեսել, գրկել էր երկուսին էլ ու տուն բերել։ Որոշել էին մայրիկներին ծաղիկներ նվիրել։
Արենս ծաղիկներ շատ էր սիրում, քրոջս միշտ նվիրում էր, տատիկներին՝ նույնպես»,- հիշում է Դիանան։
Արենի ընկերներից մեկը՝ Լիլիթ Մելիքջանյանը, պատմում է ընկերոջ համեստության և իր հետ ունեցած լավագույն հիշողությունների մասին.
«7-րդ դասարան էինք, եթե չեմ սխալվում, երբ եղբայրն ու Արենը տեղափոխվեցին մեր դպրոց։ Եղբայրն իմ դասարանից էր, իր հետ սկսեցինք շփվել բակային ճամբարների ու տարբեր միջոցառումների կամավորական աշխատանքների ժամանակ։
Եթե ասեին՝ կատարյալ մարդ չկա, ես կասեի ոչ՝ մատնանշելով Արենին։ Շատ ընկերասեր ու ուրախ մարդ էր։ Դեռ մի բանը չասած, կարող էի համարել, որ ինքն արդեն դա արել է։ Համեստ էր, իսկական համեստության մարմնացում։ Կատարյալ ընկեր ու մարդ, ում մասին ժամերով կարող եմ խոսել, պատմել ու էլի ասելիք կմնա։ Իր հետ, ճիշտ է, միշտ ուրախ էր, բայց մենք լուրջ թեմաներից էլ էինք խոսում։ Չնայած իմ տարիքային տարբերությանը՝ Արենը միշտ խելացի խոսում ու ինձ կյանք էր բացատրում։ Իրենից ամեն պահ ինչ-որ նոր բան էի սովորում։ Երևի ամենաշատը, որ սովորել եմ, դա կյանքին դրական նայելն ու միշտ կյանքին ժպտալն է, ու այս օրերին էլ մենակ դա է ուժ տալիս, որ դիմանանք։
Բակային ճամբարում նույն խմբի ջոկատավարներ էինք ու ամբողջ խմբում հարգանքի այնպիսի մթնոլորտ էր ստեղծել, որ երեխաներն անգամ չարություն չէին անում։
Մի անգամ գնացել էինք Յաղդան՝ սեմինարի, երկուսով սեմինարից փախել-գնացել էինք գյուղում տուրի։ Ինձ սիրուն տեղերն էր ցույց տալիս, հետո գնացինք իրենց տուն՝ սուրճ խմելու։
Արենը մածուն չէր սիրում ու այն ամեն ինչը, ինչը կապված էր մածունի հետ կամ մածունով էր, դա էլ չէր ուտում։ Մի անգամ ճամբարի ժամանակ տորթ էինք թխել, որի մեջ մածուն կար ու մոռացել էինք, որ մածուն չի սիրում, հարցրեց՝ մածուն կա՞, նոր հիշեցինք ու ասացինք, որ չկա, կերավ ու շատ հավանեց, բայց մեկ է այդպես էլ չիմացավ, որ իրականում մածունով էր»։

Արենը թշնամու 4 տանկ է խոցել, առաջխաղացումն է կասեցրել ու օգնել են, որպեսզի Թալիշի գյուղացիներն անվնաս դուրս գան գյուղից։ Այնուհետև տեխնիկայով թշնամու պաշտպանությունը ճեղքելով անցել են նրանց թիկունքը, որ կռիվը շարունակեն։ Ցավոք ուժերի անհավասար լինելու պատճառով չենթարկվելով «նահանջ» հրամանին անցել են Արեգա լեռան հետևը, որտեղ և պայթեցրել են։
Զոհվել է սեպտեմբերի 29-ին՝ Թալիշ-Մատաղիս-Եղնիկներ հատվածում։
Արցախի նախագահը պարգևատրել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։
Հուղարկավորությունը եղել է մայիսի 19-ին։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Զառա Թեյմուրազյան