«Չենք պատրաստվում մեր տարածքից որևէ մետր թողնել ադրբեջանական կողմին». ՊՆ-ն հայտնում է՝ հայկական կողմը բանակցություններում իր դիրքորոշումը ներկայացրել է հստակ և կոշտ
Սյունիքի, Վարդենիսի ուղղություններում այս պահին ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ ՀՀ սուվերեն տարածքում։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին Պաշտպանության նախարարությունից։
ՊՆ-ից հայտնեցին նաև, որ տեղի ունեցած բանակցությունների ընթացքում մեր դիրքորոշումը ադրբեջանական կողմին ներկայացվել է շատ հստակ և կոշտ։ «Ներկայացվել է, որ դա մեր տարածքն է և չենք պատրաստվում որևէ մետր իրենց թողնել, պետք է իրենք հեռանան։ Տարածքները մերն են ու դա չի քննարկվում»,–հայտնեցին նախարարությունից։
Հիշեցնենք, որ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Մեր գնահատականը միանշանակ է. ստեղծված իրավիճակը լիարժեքորեն համապատասխանում է հավաքական անվտանգության պայմանագրի հոդված 2-րդի 2-րդ պարբերությանը՝ համաձայն որի՝ մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային անվտանգությանը, ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդատվությունների մեխանիզմը և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»։
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: