ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում բացվեց զոհված ուսանողների և ազատամարտիկների անունով լսարան

Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը ևս կորուստներ ունեցավ: Հավերժի ճամփան բռնեցին ֆակուլտետի ուսանողներ Վաչագան Մանուկյանը, Վյաչեսլավ (Սլավա) Բադալյանն ու Աշոտ Խաչատրյանը: Արցախյան առաջին պատերազմում զոհված Նորայր Մարությանի անվան լսարանը վերանվանվեց  Ազատամարտիկ լրագրողների լսարան և այսօր՝ մայիսի 5-ին, տեղի ունեցավ լսարանի պաշտոնական բացումը, որին ներկա էին տղաների ծնողներն ու հարազատները, դասախոսներն ու ընկերները:

«Մեր լույս տղաները մեզ իմի են բերել, որ խորհենք ու խոսենք ապագայի մասին: Խոսենք իրենց հզոր երազանքները կյանքի կոչելու դժվար ուղիների մասին: Նորայրը, Վաչագանը, Սլավան և Աշոտը տարբեր էին իրենց էությամբ, բնույթով ու բնավորությամբ, բայց նույնն էր նրանց երազանքը՝ կառուցել հզոր երկիր, ունենալ հզոր բանակ և երջանիկ ժողովուրդ»,-այս մասին իր խոսքում նշեց Ժոռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, հետո հավելեց.

«Նրանք այս լուսավոր սրահում կողք-կողքի են լինելու հավերժորեն, սերունդներ են մտնելու համալսարան ու դուրս են գալու այս տաճարից մաքրագործված՝ որպես նվիրյալ զավակ իրենց հողի ու հայրենիքի: Սերունդները հաջորդելու են միմյանց, իրենց թիկունքում զգալով սրբալույս  մեր տղաների գոտեպնդող և ոգի տվող հայացքները: ԵՊՀ-ն տաճար է ու աղոթենք, որ այս տաճարում նման սրբապատկերների թիվն այլևս չավելանա»:

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստյանը Օրհնության կարգ կատարեց և ներկաներին Վաչագան Մանուկյանի հոր՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի  խոսքերով  պատգամ հղեց. «Հերոսապատումը մենք իրավունք չունենք վերածելու ողբերոգության: Մենք մեր գործը կիսատ ենք թողել ու կիսատներն էլ մեր կյանքում տեղ չեն ունենալու, ամբողջացնելու ժամանակն է: Մենք պատերազմ չենք ուզել և չենք ուզում, ես սա ամեն օր ասում եմ, բայց անպատիվ, անարգ, կեղտոտ, ստորացնող, նվաստացնող խաղաղություն էլ չենք ուզում: Ես չեմ ուզում այդպես, էս տղերքը չեն ուզել այդպես և ով ուզում է այդ խաղաղությունը, նա կապ չունի ո՛չ հայի հետ, ո՛չ քրիստոնյայի հետ, ո՛չ էլ ինքն իր ինքնության հետ, որը չի էլ ճանաչում»:

Բագրատ Սրբազանի խոսքով, իր համար պատգամը մեր հայրերի, մեր  տղերքի և մեր ժողովրդի գործն ավարտին հասցնելն է:
Խաչիկ Մանուկյանը որդու՝ Վաչագանի մասին պատմելիս շարունակեց Սրբազանի խոսքը, նշելով, որ նվաստացնող խաղաղությունը ոչինչ է, դա ստրկություն է և մեզ հարկավոր չէ. «Տղաների անմահության ամենաճիշտ գրավականը լինելու է հզոր Հայաստանի կերտումը: Այն, ինչ ունենք, մեր քաջերին ստիպեց, որ գնան զոհողության, իրեն սխրագործ դարձան ու մատաղվեցին: Փա՛ռք»:

Սլավա Բադալյանի քույրը պատմեց, որ եղբայրը միշտ գործով է ապացուցել սերն առ հայրենիք. «Խորհրդանշական է, որ նա  իր գործն ավարտին հասցրեց, խոցեց թշնամու վերջին տանկն ու հետո անմահացավ»:

Աշոտ Խաչատրյանը ոչ մի օր չի հասցրել սովորել ԵՊՀ-ում, որովհետև ընդունվել էր ու զորակոչվել բանակ: Մայրը պատմեց, որ տղան երազում էր սովորելու մասին. «Աշոտն ասում էր, որ լավ լրագրողը լավ դատավոր է, եթե տեղեկատվությունը լավ ներկայացվի ու ժողովուրդը իրազեկ լինի, շատ լավ կլինի»:
Աշոտը մորն ասել է, որ եթե մեր օրերում դավաճաններ լինեն, պետք է նրանց յոթ սերնդով վերացնել. «Ասում էր դավաճաններին պիտի քոքից ջնջել հայերի միջից: Այն ինչ արեցին իմ Աշոտն ու մյուս տղաները, մարդիկ երբեմն 70-80 տարի ապրելով չեն կարողանում անել»:

Տղաների հետ կապված հիշողություններն անսպառ էին, դասախոսները պատմում էին, որ իրենք փորձում էին կրթել, գիտելիք տալ նրանց, դաստիարակել՝ որպես ՀՀ քաղաքացի, հայրենասեր, բայց այսօր թվում է, թե տղերքն են իրենց դաս տալիս, բերում կորցրած շառավիղներից ներս, որ գտնեն իրենց արմատները, ոգեղենությունը, կամքի արիությունն ու հերոսականությունը:

Նյութը`Իննա Թումանյանի

Լուսանկարները`Հասմիկ Անդրեասյանի