Անմահ հերոս փոխգնդապետ Էռնեստ Վարդանյան

Էռնեստ Վահանի Վարդանյանը ծնվել է 1986թ.-ի մայիսի 13-ին Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում։

Ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը՝ Էռնեստն ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ 2007թ.-ին ավարտել է համալսարանն ու անցել ծառայության ԱՀ «Եղնիկներ» կոչվող զորամասում:
2012թ.-ին ամուսնացել է և տեղափոխվել Հադրութի զորամաս.
«Երկու երեխա ունենք, մեկ տղա և մեկ աղջիկ»,-ասում է Էռնեստի կինը՝ Դիանա Հովհաննիսյանը, հետո հավելում, որ ամուսինը շատ հայրենասեր էր, ընտանիքին նվիրված, ընկերների ու շրջապատի կողմից հարգված ու սիրված. «Նա լավ ընկեր ու հայր էր, նրա բարությունն ու հոգատարությունը անսահման էր։ Միշտ ամեն ինչ անում էր, որ բոլորի համար լավ լիներ: Չկար մի բան, որ երեխաները ուզեին, ինքը չաներ»:

Դիանան պատմում է, որ ինքն ու ամուսինը նույն գյուղից են եղել, հետո հիշում է իրենց սիրո պատմությունը. «Ես 10-րդ դասարանում էի սովորում, ինքն արդեն համալսարանն ավարտել էր ու աշխատում էր: Հետո, երբ սկսեցինք շփվել, Էռնեստը պատմեց, որ ինձ տեսել է դպրոցից գալուց ու ասել, որ հավանում է ու ինչ էլ լինի, ես եմ լինելու իր ճակատագիրը։ Սկզբում ես չէի ուզում, մտածում էի, որ դեռ փոքր եմ ու դեռ համալսարան պիտի ավարտեմ, բայց ասաց, որ դա խնդիր չի ու ինքն ինչքան պետք լինի կսպասի: Այդ ժամանակ արդեն համաձայնությունս տվեցի և մենք երեք տարի ընկերություն արեցինք: Երրորդ կուրսում էի սովորում, երբ ամուսնացանք»:

Էռնեստի կինը նաև հիշում է, որ երբ ամուսինն առաջին անգամ գնացել է իր ծնողների տուն, փափուկ խաղալիք է տարել. «Վագր էր, ձագը բերանին, ասաց՝ «Ոնց էս վագրն է իր ձագին պաշտպանում, այդպես էլ ես եմ քեզ պաշտպանելու»: Շատ հոգատար էր, 14 օր դիրքերում էր լինում, երբ տուն էր գալիս, այդ օրը տոն էր մեզ համար: Անհամբեր սպասում էինք»:

Դիանայի խոսքով Էռնեստը հոգատարությունից զատ, նաև շատ խիստ էր երեխաների հանդեպ. «Միշտ ասում էր, որ երեխաների դաստիարակությունն ինձ վրա է, քանի որ կինը տան ներսի պատն է, ամուսինը՝ դրսի»:
Փոխգնդապետը հաճախ էր տղային իրենց զորամաս տանում: Կինը պատմում է, որ սիրում էր որդուն իր նման զինվորական հագցնել. «Ասում էր՝ թող գա, տեսնի ու սովորի, թե ոնց պիտի ինքը մեծանա ու ինչպիսի զինվոր պիտի դառնա»:

Էռնեստ Վարդանյանի նախկին զինվորներից Սարգիս Մկրտչյանն ասում է, որ Հադրութի իրենց գումարտակը՝ լեգենդար գումարտակ է. «Մեր գումարտակի սպայակազմը մարտական բազմաթիվ առաջադրանքներ պատվով է կատարել ողջ պատերազմի ընթացքում: Արցախի հերոս Դավիթ Ղազարյանը ևս ժամանակին գումարտակի հրամանատարներից է եղել»:

Սարգիսը Էռնեստին ճանաչել է 2014թ.-ին, երբ տեղափոխվել է 4-րդ գումարտակ. «Նա՝ զինվորի համար միշտ ընկեր է եղել: Ինձ համար նա սպայի խորհրդանիշ է միշտ եղել: Մենք միասին նաև մարտական հերթապահություն ենք իրականացրել, հասցրել էի ճանաչել նրան: Փոխգնդապետը ծառայության մեջ միշտ գնահատել է զինվորի դերը: Ինքը՝ որպես մարդ շատ-շատ լավ որակներ ուներ: Ես չեմ հիշում որևէ օր, որ ինքը վատ տրամադրությամբ գար զորամաս, ես իրեն միշտ հիշում եմ ժպիտը դեմքին: Մենք ընկերական միջավայրում էլ ենք հանդիպել՝ ծառայությունից դուրս, բայց միևնույնն է չեմ հիշում դեպք, որ չժպտար, բոլոր լուսանկարներն էլ դրա վառ ապացույցն են»:
Սարգիսը պատմում է, որ ինքը համալսարանն ավարտելուց հետո է ծառայության անցել, դրա համար իր շփումը սպայի հետ շատ ավելի ընկերական է ստացվել, բայց Էռնեստը զինվորների մեջ երբևէ տարբերություն չի դրել:
Փոխգնդապետ Վարդանյանը ծառայության ընթացքում արժանացել է «Վազգեն Սարգսյան», «ԶՈՒ 20 տարի», «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի, «Անդրանիկ Օզանյան», «Մարտական հերթապահության համար» 1-ին աստիճանի շքանշանների:
Արցախյան երկրորդ պատերազմ ընթացքում Էռնեստ Վարդանյանը թեժ մարտեր է վարել Մարտունու, Հադրութի, Շուշիի ուղղություններում և նոյեմբերի 8-ին՝ հենց Շուշիի մատույցներում էլ հերոսաբար ընկել է:
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Իննա Թումանյան

 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Մեկնաբանություններ