Անմահ հերոս փոխգնդապետ Դավիթ Նազարյան

Դավիթ Ռաֆայելի Նազարյանը ծնվել է 1985թ.-ի հուլիսի 9-ին Երևան քաղաքում ու քանի որ քույրն ունեցել է հաշմանդամություն, մայրն անընդհատ լինելով հիվանդանոցներում` չի հասցրել Դավիթի խնամքով զբաղվել և նրան ուղարկել է Ստեփանավանի Լեջան գյուղ՝ տատիկի տուն, որտեղ էլ Դավիթն անց է կացրել մանկության տարիները.
«Դավիթն ավարտել է Լեջանի միջնակարգ դպրոցը, իսկ հետո` 2002թ.-ին, ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի Մոտոհրաձգային ֆակուլտետ: Ավարտելուց հետո՝ 2006թ.-ին լեյտենանտի կոչումով անցել է ծառայության»,-պատմում է Դավիթի քեռու աղջիկը՝ Մարիաննա Շահինյանն ու հավելում, որ լեյտենանտը սովորել է նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆինանսական ֆակուլտետում, որտեղ ստացել է մագիստրոսի որակավորում: Քրոջ խոսքով, եղբայրը երկու համալսարաններն էլ ավարտել է գերազանցությամբ, սակայն ընտրել է հայրենիքի համար մինչև վերջ անձնվիրաբար ծառայությունը` հավատարիմ մնալով իր սուրբ երդմանը.
«Նրա նախասիրությունների մեջ եղել է կենդանական աշխարհը, բուսականությունը, լեռները, սարերը ու երբեք չի նախընտրել տնային պայմաններ, միշտ ասում էր, որ ինքն առանց ինքնաթիռ օդաչու պետք է լինի սարերի ու լեռների գագաթներին և այդպես էլ եղավ. 18 տարի շարունակ քարերը նրան բարձ դարձան, արևի ճառագայթները դարձան նրա տաքուկ վերմակը, սառը գետինը դարձավ նրա ոտքերի տակի փափուկ գորգը»: Դավիթը մասնագիտության հարցում ինքն է իր ընտրությունը կատարել: Հայրենասիրական ոգին դեռ մանկուց էր արմատավորվել նրա մեջ: Պատմում են, որ մանկության տարիներին միշտ մտնում էր տանկերի մեջ ու բռունցք արած գոռում Ղա-րա-բաղ, և երբ զինվորականի մասնագիտությունն արդեն ընտրել էր, տատը մի օր հարցրել է. «Դավիթ ջան, մենք պատերազմող երկիր ենք, ինչու՞ ես ընտրել այդ մասնագիտությունը, գնա երկրորդ մասնագիտությունով փողկապդ կապիր` մաքսատանը հանգիստ գործ արա»,-Դավիթն էլ տատին հակադարձել է. «Տա՛տ, քեզ թվում է, որ պատերազմ սկսվեց, ես գալու եմ յուբկադ հագնեմ, գոմիդ մսուրքում թաքնվե՞մ, բա ես եմ պատերազմ գնալու…»: Մարիաննան ասում է, որ Դավիթը համեստ էր, զուսպ ու ոչ ոք չէր պատկերացնում, որ այդ համեստ ու զուսպ պատանին մի օր կդառնար թշնամու ահ ու սարսափը: Դավիթ Նազարյանն իր ծառայությունն իրականացրել է Սյունիքի, Քարվաճառի, Եղեգնաձորի, Մեղրու, ապա Մեխակավանի (Ջաբրայիլ) զորամասերում: Պատերազմի ժամանակ նա Մեխակավանի զորամասի 3-րդ գումարտակի հրամանատարն էր:
«Պատերազմի ընթացքում Դավիթին վաղաժամ շնորհվել է փոխգնդապետի կոչում, սակայն ողջ ծառայության ընթացքում նա եղել է շարքային զինվորին հավասար: Նրա սկզբունքներից էին` սպա և զինվոր պետք է լրացնեն իրար, քանզի նրանցից ամեն մեկը կատարում է ազգային ընդհանուր պարտականության իր բաժինը»:

Դավիթը մայրիկին խոստացել էր, որ գեներալ կդառնա, նոր կգա տուն, բայց ցավոք հրամանատարը չհասցրեց, նրա երազանքները մնացին կիսատ. «Երազում էր ծովից ծով Հայաստանի մասին, ասում էր, որ դիրքը նրանց ժամանակավոր է տրված, այդ տարածքները մերն են հերթով հետ ենք բերելու: Ինքն այդպես էլ անում էր՝ դիրքավորվելով գնում էր առաջ»,-պատմում է Մարիաննան ու հավելում, որ պատերազմի ընթացքում Դավիթի թե՛ զինվորները, թե՛ գումարտակի սպայական կազմը կռվել են ոչ մի քայլ հետ սկզբունքով։ Բոլորի խնդիրն ու նպատակը միայն մեկն է եղել` սուրբ հայրենիքի պաշտպանությունը: Դավիթը միշտ ասում էր. «Հերո՞ս ես, ուրեմն տուր ապացույցը, որ աշխարհից, կյանքից ու մահից էլ զորավոր ես դու»։
Դավիթի գումարտակն իր առջև դրված խնդիրները կատարում էր ճիշտ, գրագետ. Պատերազմի մեջ խնդիրը ոչ միայն գրավելով առաջ անցնելն էր, այլև քիչ կորուստներ ունենալը: Կռվում էին ուս ուսի, մեկ մարդ դարձած` մինչև վերջ չվախենալով նայել մահվան աչքերին: Մարտական ընկերները պատմում են, որ հրամանատարը ոչ մի րոպե չնստեց իր հրամանատարական դիտակետում, նա միշտ զորքի կողքին էր ու եթե կար վտանգ, ապա առջևում Նազարյանն էր, հետո զորքը… Դավիթի ժամկետային զինծառայողներից Տիգրան Մելիքնյանն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ ով լավ հրամանատար ուներ ողջ մնաց. «Փոխգնդապետն ասում էր՝ տղե՛րք, հաղթելու համար քիչ է խելքը, տաղանդը, պետք է զորավոր խոսքը: Առանց զորավոր խոսքի բութ են սրերը, թույլ՝ բազուկները, անվճռական՝ կամքերը»: Դավիթը նաև ասում էր՝ զինվո՛ր, նայիր վերև, դրոշակիդ. «Հիշի՛ր նպատակը, որի համար հազարներ ու հազարներ քեզ հետ զենք են վերցրել։ Արիացի՛ր, քանզի քեզ հետ ցեղդ է, որն ապրել է ուզում…»:
Պատերազմից հիշատակվում է դրվագ, որտեղ տղաները անկորուստ հետ էին վերադարձել իրենց դիրքը և մեծ ոգևորությամբ հայոց եռագույնն էին կրկին ծածանում այնտեղ. «Դավիթը միշտ հավատարիմ էր իր երդմանը, նժդեհյան խոսքերը պարուրած սրտում կարողանում էր թշնամուն դաս տալ` քաջալերելով իր մարտիկներին, և բոլորին իր իսկ օրինակով ցույց էր տալիս ճիշտ մարտավարության կանոնները: Դավիթը միշտ իր տղաների համար կրկնում էր. «Հիշե՛նք թիկունքում մեր ծնողներին, քույրերին ու երբեք ցույց չտանք մեր թիկունքը թշնամուն, ինչքան էլ քչանանք, միևնույնն է մեր ոգին անկոտրուն է»,- պատմում է Մարիաննան:
Դավիթն իր դիրքը կարողանում է երկու անգամ հետ գրավել: Մարտական ընկերները պատմում են, որ այս պատերազմում նա քայլող լեգենդ էր: Անգամ ոտքից վիրավոր լինելով նա չի լքել իր զինվորներին, մինչև վերջ մարտ է վարել: Մարիաննան ասում է, որ կռվի օրերին մայրը զանգել է Դավիթին, հարցրել արդյո՞ք հայրն ու քույրն աչքի առաջ չեն գալիս, որ իրեն խնայի, իսկ տղայի պատասխանը կտրուկ է եղել. «Չ՛է, մամ ջան, միայն զինվորներս են»:
Դավիթն ինքն էլ այդ օրերին հաճախ էր զանգում հարազատներին ու ասում, որ խոսեն, ինքը լսի, քանի որ չգիտի բախտ կվիճակվի վերադառնալ, թե ոչ. «Ասում էր էս երեխեքս խաչ են դարձել պարանոցիս փաթաթված, էսքան արյան մեջ ո՞նց եմ ապրելու: Դավիթ Նազարյանի մասին իրական հերոսապատումներ շատ կան, որոնց երբեմն հավատալն անհնար է. «Այո՛, նա իրական հերոս է, ում հերոսական դրվագների և իր գումարտակի մասին կարելի է անվերջ խոսել»,-ասում է Մարիաննան ու նշում, որ այժմ Դավիթի մարտական լեգենդների մասին գիրք է գրում, որտեղ ներկայացնում է եղբոր մարտական ուղին, նրա ներդրումը բանակաշինության գործում, և 44 օրյա պատերազմը՝ «Ջաբրայիլի արծիվը և 3-րդ ՀԳՄ-ի քաջ մարտիկները»: Գրքի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերին, իսկ գրքի վաճառքի ողջ հասույթը կտրամադրվի վիրավոր զինվորներին:

Փոխգնդապետի մարտական ընկեր, լեյտենանտ Հմայակ Կիրակոսյանը պատմում է, որ Դավիթին բոլոր գեներալները, անգամ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը «Կյաժ ջան» էին ասում. «Ես իրեն 3 ամիս էի ճանաչում, ինքն առաջնորդ էր ու կռվի ժամանակ էլ վտանգավոր հատվածներ հենց ինքն էր գնում: Մի անգամ տղերքին խաբել աջ ու ձախ էր ուղարկել, ինքը մենակ մտել էր թշնամու մեջ: Հերոսական դրվագներ շատ ունի, մենք հրամանատարից շատ բան սովորեցինք այս պատերազմում, Դավիթն իսկական հրամանատար ու ընկեր էր»:
Հմայակի խոսքով, Դավիթը զոհվել է հոկտեմբերի 18-ին, ընկել է քաջի մահով Հադրութի պաշտպանության ժամանակ՝ Սարուշեն գյուղում մենամարտի ժամանակ: Փոխգնդապետի զինվորներից ամեն մեկը մի իր է վերցրել հրամանատարից ու հուշ պահել. «Մեկի մոտ շեվրոն էր, մեկի մոտ իր հուշագիրքը: Տղերքն ասում են, իր նման 3 հրամանատար ունենայինք, մենք հաստատ Բաքուն կգրավեինք ու կապ չունի, թե ինչ ուժի դեմ էինք կռվում»,-հպարտորեն, բայց և հուզմունքը խեղդելով ասում է Մարիաննան, ինչքան շատ եմ լսում նրա հերոսություններից այնքան վերքս էլ ավելի է խորանում: Ինձ թվում էր թե լեգենդ են պատմում մեզ սփոփելու համար, բայց ոչ, նրա մասին պատմվող հերոսությունները միայն իրականություն են…
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Իննա Թումանյան