Մենք նորից դիրքեր գնալու հնարավորություն ունենք. Մելքումյան Նվեր

Մենք նորից դիրքեր գնալու հնարավորություն ունենք. Մելքումյան Նվեր

Դիրքեր ենք գնում: Վարորդը խորդուբորդ ճանապարհը փորձում է այնպես անցնել, որ խոչընդոտները քիչ զգանք: Մենք էլ ասում ենք՝ արդեն սովոր ենք նման ճանապարհների: Մեքենան նոր թափ է հավաքում ու մեծ արագությամբ առաջ գնում:
Վարորդի կողքին նստած է փոխգնդապետ Հակոբյանը: Ասում է՝ զինվոր, այն օրվա պես չվարես: Զինվոր վարորդը Մելքումյան Նվերն է: Մեքենայի հայելու միջով նկատում եմ՝ նայում է փոխգնդապետին ու երկուսով ժպտում են:
-Մարտի թեժ պահերին` հրետակոծության ժամանակ, Նվեր Մելքումյանը, կատարել է կարևոր առաջադրանք, որը սակայն իր պարտականությունը չէր,- սկսում է փոխգնդապետը,- զինամթերք է հասցրել Արցախի հյուսիսարևելյան ուղղության այն դիրքեր, որտեղ ընթացել են հիմնական մարտերը:
Փոխգնդապետի խոսքը շարունակում է շարքային Մելքումյանը.
-Պատերազմի ամենածանր պահին հրամանատարի տեղակալն իմացավ, որ դիրքեր զինամթերք հասցնելու կարիք կա: Թեև դա նրա պարտականությունը չէր, բայց որոշեց, որ հենց ինքը պետք է տանի, իսկ ես իր վարորդն էի, և ոչինչ չփոխվեց նաև այդ ժամանակ: Ես էլ նրա հետ գնացի դիրքեր:
Նվերը վարում է զինվորական մեքենան ու հիշում այդ օրը: Ասում է՝ 2 ճանապարհ կար հասնելու այդ դիրքեր: Սկզբում հենց այն ճանապարհով են գնացել, որով մենք անցնում էինք այդ պահին: Սակայն թշնամին նկատել է մեքենան ու հարվածներ հասցրել: Բայց, բարեբախտաբար, հրամանատարի տեղակալի արագ կողմնորոշվելու և Նվերի՝ խուճապի չմատնվելու և արագ վարելու շնորհիվ հաջողվել է ճանապարհը փոխել:
-Կարևորն այն էր, որ իվերջո զինամթերքը տեղ հասցրինք,- ասում է Նվերը:
Մենք ևս գնում էինք այդ դիրքերի ուղղությամբ՝ Նվերի պատմածը կարծես պատկերացնելով: Նվերը դանդաղեցնում է մեքենայի ընթացքն ու ձեռքով ցույց տալով ասում՝ 2 շաբաթ վերևի սարում են մնացել:
Հետո էլի առաջադրանքներ են կատարել՝ զորքին խրամատներում էին տեղավորում, անհրաժեշտ իրերով ու զինամթերքով ապահովում:
– Չնայած հրամանատարի տեղակալը թևից վիրավորվեց. հակառակորդի դիպուկահարն էր աշխատում, բայց ես կարող եմ վստահ ասել, որ առաջադրանքը, որը մերը չէր, լավ ենք կատարել, քանի որ հրամանատարի տեղակալը և ես նորից միասին դիրքեր գնալու հնարավորություն կունենանք, երբ նա ապաքինվի, այո՛, հնարավորություն:
Հասնում ենք մի դիրք, մեքենան կանգ է առնում, Նվերն ասում է՝ սա հերոսական դիրք է ու իջնում է մեքենայից: Ես դեռ մտածում եմ նրա պատմածի մասին ու մտքումս կրկնում նրա շեշտած «հնարավորություն» բառը:
Գուցե պատերազմից առաջ ծառայությունը պարտականություն էր, բայց հիմա կյանքի գինն իմացող զինվորի համար դիրքեր գնալը հնարավորություն է: Ժպիտ է անցնում դեմքիս վրայով ու նկատում եմ, որ արդեն մենակ եմ մեքենայում: Պատուհանից տեսնում եմ՝ Նվերը ուրախ բարևում ու հերթով սեղմում է դիրքի զինվորների ձեռքը:

Լիանա Բրյան