Անմահ Հերոս Արշավիր Թորոսյան

Արշավիր Արմենի Թորոսյանը ծնվել է 1993 թվականի մայիսի 18-ին Երևանում։ Ընտանիքի ավագ որդին էր, և հոր բացակայության ժամանակ հոգ էր տանում ընտանիքի մասին։
Աշխատանքը տղային չէր խանգարում սովորել, երազել և հասնել նպատակներին։ Ուսուցիչները մշտապես դրական էին արտահայտվում նրա մասին։ Ակտիվ է եղել դասերին և դասերից դուրս՝ օլիմպիադաներում, տուն էր վերադառնում գովասանագրերը ձեռքին։
– Լուրջ էր, համառ, ոչինչից չէր վախենում և սիրում էր, որ ամեն բան լինի կարգ ու կանոնի մեջ,- պատմում է հերոսի եղբայրը՝ Ռուդիկ Թորոսյանը։
Հաճախում էր կարատեի, տիրապետում մի քանի լեզվի, դե իսկ ազատ ժամանակն էլ անցկացնում էր պատմական գրքեր կարդալով ու նույն թեմայով ֆիլմեր դիտելով։ Եվ զարմանալի չէր, որ դպրոցում սիրած առարկաների մեջ պատմությունը կար, սիրում էր նաև անգլերեն, մաթեմատիկա, գրականություն և այլն։
Արշավիրի պատանեկության շրջանում ընտնիքը տեղափոխվել է Ստեփանակերտ, որտեղ էլ հենց 2007-ին տղան ընդունվել է Քրիստափոր Իվանյանի անվան Ռազմամարզական վարժարան։ Ուսումնական բարձր առաջադիմության շնորհիվ Արշավիրը հրավեր է ստացել ուսումնառությունը շարունակելու Հունաստանում և Ռուսաստանում, սակայն մերժելով հրավերները՝ ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարան, վարժարանի առաջադիմությունը հաշվի առնելով, Արշավիրը միանգամից ընդունվել է երկրորդ կուրս։
Համալսարանն ավարտելուց հետո ծառայության է անցել Հադրութում՝ որպես ականանետային հաշվարկի, այնուհետև մարտկոցի հրամանատար՝ լեյտենանտի կոչումով։ Ծառայության ընթացքում հասել է կապիտանի։ Զինակից ընկերները նրան «Հադրութի չեմպիոն» էին անվանում ու հավաստում՝ հրամանատար Արշավիր Թորոսյանը գրեթե չէր վրիպում։
Սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում մասնակից են եղել հենց առաջին օրվանից։ Խոցել են և՛ զինտեխնիկա, և՛ կենդանի ուժ, և՛ ռազմավարական այլ կարևոր օբյեկտներ։
Մինչև պատերազմը հաճախակի տուն զանգող կապիտանը պատերազմի ընթացքում զանգով միայն որպիսության մասին էր ասում և վերջ, գիտեր՝ վտանգը մեծ է։ Հոկտեմբերի 14-ին էլ համազգեստն ու այլ անձնական իրեր տվել էր բուժքրոջը՝ խնդրելով փոխանցել հարազատներին։ Արշավիրի հաշվարկների և զգուշավորության շնորհիվ հաճախ են զինվորներն անվնաս մնացել։ Հերթական անգամ, երբ թշնամին թիրախավորել էր կապիտան Թորոսյանի խմբին, զինվորներին հրահանգել է փոխել տեղը, սակայն ինքը չի հասցրել դիտակետից գնալ դեպի թաքստոց։ Հոկտեմբերի 15-ին անօդաչու թռչող սարքի հարվածից Արշավիր Թորոսյանը անմահացել է, ճիշտ որոշման շնորհիվ փրկելով իր զինվորների կյանքը։ Կապիտանի աճյունը հանգչում է Եռաբլուր զինվորական պանթեոնում, նա արժանացել է «Մարտական Խաչ» առաջին աստիճանի շքանշանի։

Սիմոն Հովհաննիսյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Մեկնաբանություններ