Անմահ հերոս Սամվել Գևորգյան

Սամվել Վարդանի Գևորգյան, ևս մեկ քաջարի մարտիկ, ով պայքարեց մինչև վերջ ու կյանքը նվիրեց հայրենիքին։
Ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Գևորգյանը ծնվել էր 1999թվականի ապրիլի 23-ին Արարատի մարզի Գինեվետ գյուղում, հետագայում տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն, սակայն 18 տարին լրանալուն պես վերադարձել էր հայրենիք՝ զինվորական պարտքը կատարելու։
Ծառայության էր անցել 2019 թվականին Մատաղիսում։
-Ամսի 27-ին զանգեց, ձայնը դողում էր, չգիտեմ վախ էր, թե հուզմունք, ես վախից լաց էի լինում, իսկ ինքը էտ դողացող ձայնով գոռում էր՝ մամ ջան չլացես, դու հերոս տղա ունես, քո տղեն տանկա բերել թուրքերից,- պատմում է տիկին Հասմիկը:
5 օր շրջափակման մեջ լինելուց հետո Սամվելին և ընկերներին հաջողվել է դուրս գալ, որից հետո տեղափոխվել են Եղնիկներ, որտեղ էլ հոկտեմբերի 7-ին անօդաչու թռչող սարքի հարվածից զոհվում է։
-Վերջին անգամ խոսել եմ ամսի 6-ին։ Հարցրեց՝ հո իր անունը մահացածների ցուցակում չեմ կարդացել։ Վիրավորների էր օգնել, ժիլետն արյունոտվել էր, բեկորներից այրվելիս է եղել հանել, մի կողմ է գցել, ուրիշները գտել են ու մտածել՝ իմ տղայինն է եղել ու զոհվել է, բայց հետո որդուս գտել էին։
«Քաջարի մարտիկ» պարգևին արժանացած շարքային Գևորգյանը մեծ երազանքներ ուներ։ Զորացրվելուց հետո պետք է ընդունվեր Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ։ Դեռ փոքրուց սիրել է շախմատ խաղալ, սպորտի վարպետի կոչում ունի։
Հարազատները Սամվելին հիշում են, որպես բարի, կամեցող, սիրալիր ու ժիր, ում հետ երբեք չէիր ձանձրանա։
Շուտով կծնվի Սամվելի քրոջ որդին, ում անվանակոչելու են խիզախ քեռու անունով, ով մինչև վերջ պայքարեց հանուն հայրենիքի։

Անի Դավթյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Մեկնաբանություններ