Երկար ժամանակ տուն չզանգած զինվորներին գտել են Banak.info–ի լուսանկարներում. պատմում են հարազատները

Ձախից երկրորդը Էդգար Հովհաննիսյանն է։ Տանեցիները նրա հետ չէին խոսել պատերազմը սկսելուց ի վեր։ Էդգարից լուր ունենում էին։ Քույրը՝ Արմինեն, հպարտությամբ է խոսում եղբոր մասին։ Նա սրտի թրթիռով ամեն օր հետևում էր հրապարակվող լուսանկարներին՝ դրանց մեջ եղբորը գտնելու համար։
-Շնորհակալ ենք Դավիթ Թորոսյանից և բոլորից, որ այս դժվարին ու ցուրտ օրերին կարողանում են ուրախացնել ծնողներին և հարազատներին,- ասում է Էդգարի քույրը՝ Արմինե Ղանդիլյանը։

 

Նոյեմբերի 27-ին է զանգել, դրանից առաջ` սեպտեմբերի 24-ին, հոկտեմբերի 26-ին, ստացվում է, որ ամսվա մեջ 1 անգամ հասցրել ենք խոսել,- պատմում է Ջոն Ավետյանի քույրը՝ Լիլիթ Օհանյանը։
Ջոնը զանգելիս ոչինչ ցույց չէր տալիս, տրամադրությունը բարձր էր, ասես պատերազմի մեջ չլիներ։ Միայն մի անհանգստություն էր հայտնում հարազատներին.
-Հերիքա ստեղ-ընդեղ զանգեք, ամոթ է, ես լավ եմ:

 

Հստակ ոչինչ չէր ասում, բայց միշտ ուրախ էր Անդրանիկ Սոբղաթյանը, իր կատակներն էին ապրեցնում հարազատներին։ Ամեն անգամ հյուսիսի ֆոտոռեպորտաժների մեջ փնտրում էին նկարը (լուսանկարում աջ կողմում է)։
Պատերազմի սկզբին էր զանգել՝ աղոթքի օրը։ Տրամադրությունը բարձր էր, դեռ այնտեղից ինքն էր ոգևորում հարազատներին: 28 օր չխոսելուց հետո է զանգել։
– Banak.info-ն նկարներ էր հրապարակել, Դավիթին գրեցի, հարցրեցի, միգուցե եղբորս տեսած լինի, որովհետև իր վաշտի զինվորներից մեկին նկարել էր, ասաց, որ սպասենք երկրորդ մասին, ու սպասեցինք այնքան, մինչեւ նոր լուսանկաներ հրապարակեցին,- պատմում է հերոսի քույրը՝ Արմինե Սոբղաթյանը։ Հիշում է՝ եղբոր նկարը տեսնելուց հետո միանգամից բղավել էր ու տարել նկարը ծնողներին ցույց տալու։

 

Արցախի հյուսիսում ծառայող Դավիթ Ղազարյանը պատերազմի ամբողջ ընթացքում տուն զանգահարել է երկու անգամ։ Ասում էր՝ ամեն ինչ լավ է, մի անհանգստացեք։
Որդու նկարը տեսնելով մայրը՝ Նունե Ղազարյանը, շատ է հանգստացել։
-Ամեն անգամ նայում էի՝ հույսով, որ մի օր էլ իմ հերոսին կտեսնեմ ու տեսա։ Շնորհակալ եմ շատ-շատ,- ասում է նա։

 

Հյուսիսում մինչ այժմ էլ իր հերթապահությունն է կատարում Արմենակ Առաքելյանը (լուսանկարում ձախից երկրորդը)։ Պատերազմի ընթացքում տուն չէր զանգել, բայց համարը փոխանցել էր տարբեր մարդկանց, ովքեր զանգել են տուն և ասել՝ ամեն բան լավ է։
Նկարը տեսնելիս քույրը՝ Գոհարը, շատ է ուրախացել.
-Հա՛մ հուզմունք, հա՛մ ուրախություն, հա՛մ հպարտություն, ամեն ինչ խառնվել է իրար,- պատմում է նա
Պատերազմը վատ էր անդրադարձել նաև Արմենակի վատառողջ մոր վրա։ Ինչպես պատմում է Արմենակի զարմուհին՝ Լիլիթը, որդու նկարը փրկություն է եղել տիկնոջ համար։

 

Արցախի հյուսիսից Գոռ Գալստյանը (լուսանկարում ձախից առաջինը) թեկուզ մեկ րոպեով, բայց գրեթե ամեն օր հասցնում էր տուն զանգել ու ասել, որ ինքը լավ է, ամեն բան էլ լավ է։ Հաճախ նաև վատ կապի հետևանքով միայն զանգն էր բավարար լինում հասկանալու համար, որ լավ է։
Պատերազմից ոչինչ չէր պատմում, բայց տանը գիտեին իրավիճակն ու դրա ֆիզիկական և հոգեբանական հետևանքները։ Նկարներն ուրախացրել էին հարազատներին։
– 11 ամիս արդեն Զինվորիդ միայն ձայնն ես լսում, նկարը տեսնելուց հիացմունք, հպարտություն ու լիքը-լիքը կարոտ էի զգում,- պատմում է հերոսի քույրը՝ Նելլին։

Սիմոն Հովհաննիսյան