Ոսկե Սերնդի նվիրյալ հրամանատարը՝ անմահ հերոս Էրիկ Գևորգյանը
Ինքնուրույն էր, ամեն բան ցանկանում էր լուծել սեփական ուժերով։ Սիրված էր և՛ հրամանատարների, և՛ զինվորերի կողմից։
Լեյտենանտ Էրիկ Արմենի Գևորգյանը ծնվել է Երևանում 1997թ օգոստոսի 2-ին։ Ունի մեկ քույր։ Սովորել և ավարտել է Երևանի Գ. Զոհրապի անվան N 97 դպրոցը։ Մշտապես աչքի է ընկել լավ վարքով և ուսումնական առաջադիմությամբ։
-Աշխույժ և ճարպիկ էր։ Փոքր տարիքում բանաստեղծություններ էր սովորում, առոգանությամբ արագ-արագ ասում էր։ Հետևից չէինք հասցնում։ Արագ էր նաև մտածում, արագ էլ գրում էր, այդ իսկ պատճառով ձեռագիրը դժվար էինք հասկանում,- պատմում է հերոսի մայրը՝ Էլմիրա Շահնազարյանը։
Բոլորին կարողանում էր համախմբել իր շուրջը, դասղեկն ասում էր՝ մեր դասարանի պապան է։
Բացի դպրոցից սովորել է նաև ծրագրավորում։ Ութերորդ դասարանից ակտիվ սովորել, այնուհետև աշխատել է այդ մասնագիտությամբ մի շարք կազմակերպությունների և անհատների հետ։ Դպրոցի կայքն ինքն է հավաքել։
Դպրոցին զուգահեռ զբաղվում էր մարմնամարզությամբ, բոքսով, լողով։ Ազատ ժամանակ քիչ էր ունենում։
Լողի մրցումներին մշտապես պատվո հարթակին էր՝ հիմնականում ամենաբարձր աստիճանին։ Հաղթել է ՀՀ լողի, Գյումրու «Քաղաքապետի գավաթի», Նեպտուն մարզադպրոցի և մի շարք այլ առաջնություններում, նա գերազանց արդյունք ցույց էր տալիս լողի բոլոր վարժություններում։
Այսքանին զուգահեռ Էրիկը հասցնում էր կարդալ, շատ էր կարդում․
– Զուսպ էր, ամաչկոտ, այդ իսկ պատճառով ընդամենը մի անգամ եմ կարողացել բեմ բարձրացնել։ Գրադարանից ակտիվ օգտվում էր 3-4-րդ դասարանից։ Կարդում էր շատ և բազմաբնույթ գրքեր։ Նա մեր ժամանակների Ոսկե Սերնդի ներկայացուցիչ էր,- պատմում է N 32 գրադարանի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը։
Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ՝ անվճար հիմունքով։ Իր երազանքներից էր։ Նաև ուզում էր բիզնեսմեն դառնալ, սեպտեմբերի 26-ին պիտի գար ու գործերը տար Կառավարման ակադեմիայի հեռակա կրթության բաժին, բայց երկու օր առաջ բարձրացրել էին դիրքեր։
Ընկերասեր էր, ազնիվ, պարտաճանաչ, շարքը կարելի է անվերջ թվել, մեծ շրջապատ ուներ։ Ընկերները իրենից շուտ էին ծառայել, բոլորի համար հնարավոր ամենն անում էր, ընկերները պիտի կարիք չունենային, բոլորի երդմնակալության արարողություններին մասնակցում էր։
Մասնակցել է «Պատիվ ունեմ» ծրագրին, համալսարանին զուգահեռ սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում և բանակ զորակոչվել է որպես լեյտենանտ։ Դ-30 հաուբից հրանոթի հաշվարկի հրամանատար էր, իր գործին գերազանց էր տիրապետում։ Պատերազմի օրերին էլ մշտապես ակտիվ մարտական գործողությունների մեջ էին։
– Զինվորին և ծառայությանը նվիրված էր։ Առաջին օրվանից աչքի է ընկել իր խելքով ու պատերազմի ժամանակ կատարել է մարտկոցի ավագ սպայի պարտականություններ։ Հաշվարկները ինքն էր անում զենքը իրենք էին սպասարկում։ Նշված թիրախները Էրիկը խոցում էր բացարձակ ճշտգրտությամբ, ինչն այնքան էլ հեշտ չէ,- պատմում է Էրիկի ընկերը՝ Նարեկ Ավագյանը։
Նրանք ոչ միայն ակտիվ մարտական հանձնարարություններ էին ստանում այլև թշնամու հրետանու թիրախում էին։ Այնուամենայնիվ լեյտենանտ Գևորգյանի հրամանատարության ժամանակ զինվորներից ոչ ոք չի զոհվել։ Առաջինն ինքն էր։
Մարտական հերթական առաջադրանքը ստանալուց հետո, երբ հաշվարկներն արդեն արված էին, միայնակ գնացել է հրանոթի թելը քաշելու, զինվորներին արգելել է իր հետ գնալ։ Մարտական առաջադանքը հաջողությամբ կատարելուց հետո՝ դիրք վերադառնալիս գլխի շրջանում վնասվածք է ստացել և հոկտեմբերի 8-ին անմահացել՝ իր հրամանի շնորհիվ փրկելով մյուս զինվորների կյանքը։
Էրիկ Գևորգյանը ներկայացված է Արիության մեդալի։
Սիմոն Հովհաննիսյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: