ՀՀ ՄԻՊ-ը արձանագրել է Արցախում քիմիական տարրեր պարունակող զինատեսակի կիրառության փաստեր

Այսօր մեր աշխատակազմի բժշկի ու իրավաբանների հետ այցելել ենք Այրվածքաբանության ազգային կենտրոն և տեղում ձեռք բերել նոր ապացույցներ ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում քիմիական տարրեր (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակի կիրառության վերաբերյալ:

Ուսումնասիրությունները կատարել ենք հատուկ սարքերի օգնությամբ:

Արձանագրված փաստերը հիմնավոր են դարձնում այդ ենթադրությունը:

Բժիշկների եզրակացությամբ՝ զինծառայողների վնասվածքները, այտուցները (հատկապես վերին վերջույթներում) պահպանվում են տևական ժամանակ, այրվածքներից առաջացած վերքերը տեղ-տեղ խորն են, մոխրացած եզրերով, մերթընդմերթ՝ արյունահոսող, բուժմանը՝ դժվար ենթարկվող: Արյան մեջ նկատվում է կալցիումի և հեմոգլոբինի ցածր մակարդակ (հիպոկալցեմիա), դիտվում է լյարդի և փայծաղի չափերի մեծացում (հեպատոսպլենոմեգալիա): Ըստ մասնագետ բժիշկների՝ կիրառված զինատեսակներից արտանետված նյութերը շնչուղիներով օրգանիզմ ներթափանցելու դեպքում առաջանում է ներքին օրգանների ախտահարում, ինչը կարող է հանգեցնել առողջության երկարատև քայքայման, ընդհուպ՝ մահվան:

Ըստ բժիշկների՝ պատերազմի առաջին օրերից տարբեր աստիճանի այրվածքներ ստացած անձանց մեծ մասի մոտ դրանք տարբերվել են մինչ այդ իրենց պրակտիկայում հանդիպած դեպքերից:

Այցի ընթացքում տեղի են ունեցել քննարկումներ բուժանձնակազմի հետ, առանձնազրույցներ վիրավորում ստացած զինծառայողների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ:

Վերը նշված և բոլոր մյուս փաստերը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացել են անհրաժեշտ իրավական ամրագրում, կկատարվեն լրացուցիչ մասնագիտական ուսումնասիրություններ ու ըստ արդյունքների՝ կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր:

Այս արձանագրումները հնարավոր են եղել նաև Այրվածքաբանության ազգային կենտրոնի բուժանձնակազմի բարձր որակի պրոֆեսիոնալ նմուշառման ու բարեխիղճ փաստագրման շնորհիվ:

Կենտրոնի ղեկավար կազմի և բուժանձնակազմի հետ մեր համատեղ աշխատանքները կկրեն շարունակական բնույթ:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Մեկնաբանություններ