ՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է Արցախ

Դեկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախ: Պաշտպանության նախարարն Արցախի ճանապարհին կանգ է առել ՌԴ խաղաղապահ ուղեկալների մոտ և զրուցել խաղաղապահ առաքելություն իրականացող զինծառայողների հետ:
Ստեփանակերտում կայացել է ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: ԱՀ նախագահը շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ մեծածավալ աշխատանք է սպասվում բանակի ենթակառուցվածքների վերականգնման և վերազինման ուղղությամբ: Արայիկ Հարությունյանը հայտնել է նաև, որ աշխատանքներ են իրականացվում գերեվարված անձանց և զոհվածների մարմինների փոխանակման, անհայտ կորածների որոնման ուղղությամբ:
Ողջունելով Արցախի նախագահին, Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ հայկական բանակի ենթակառուցվածքների վերականգնումն ակտիվ փուլում է, և նոր ռազմաքաղաքական իրավիճակի պայմաններում առաջ են քաշվելու նոր լուծումներ` Հայաստանի և Արցախի անվտանգությունն ապահովելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են բանակաշինությանը և հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: