Խփեցին տանկիս, գնացի կրակմարիչով տանկը հանգցրի, նորից վերցրի հետ եկա, թուրքի երկու ուրալ խփեցի այդ տանկով. Կապիտան Վրույր Միքայելյան  

«Կռիվը սկսելուն պես նստել ենք տանկերը, եկել, զբաղեցրել ենք բնագծերը ու սկսել ենք միանգամից կռվել»,-պատմում է տանկային վաշտի հրամանատար, կապիտան Վրույր Միքայելյանը, ով հայտնի է Վուլի մականվամբ:
Ասում է, որ Մատաղիսի ուղղությամբ մի կարևոր աշտարակ կա, որտեղից հնարավոր է հարվածել Մարտակերտ քաղաքին ու երբ հակառակորդը գրավել է այդ աշտարակը, ինքն իր տանկով գնացել ու կրակել է աշտարակի ուղղությամբ. «Հակառակորդը մոտավորապես 50 զոհ ունեցավ այդ ժամանակ: Հետո էլի գրավեցին, մոտ 200 հոգի բերեցին-նստեցրին էդտեղ, էլի գնացինք, 28 սնարյադ խփեցինք մեջները ու էլ դրանից հետո չմոտեցան աշտարակին»:
Տանկի հրամանատարն իր կռիվը «Լյուլասազ»-ի բարձունքում է տվել: Պատմում է, որ մի անգամ էլ հակառակորդը մեր իսկ ռեանիմոբիլով բարձունքին է մոտեցել, իրենք արագ կողմնորոշվել ու վնասազերծել են. «Նայե՛ք, սա էլ իրենց ժամացույցն է»,- ժպիտը դեմքին ձեռքը դեպի ինձ է պարզում. «Լավ էլ տեսքը պահպանվել է, չի կոտրվել»,-ասում եմ աչքերս ժամացույցից չհեռացնելով, իսկ կողքից մեր զրույցն ունկնդրող տղաները լիաթոք ծիծաղում են:
«Դե տենց էլի, էլ ի՞նչ պատմեմ»,-հարցնում է կապիտանը, որն էլ չի ուզում երկար խոսել իր սխրագործություններից, բայց ընկերները կողքից անընդհատ հուշում են, «Էն մեկը պատմի, որ…»:
Ժպտում է, ես լավ չեմ լսում, թե տղերքն ինչ էին հուշում, ասում եմ՝ ի՞նչ էիք արել, ասում է՝ խփել ենք:
Սկսում է պատմել. «Չորս սիրիացի էին, երկու ադրբեջանցի: Եկան, վեցին էլ սպանեցինք: Մենք որպես հրետանի տանկով կրակում էինք: Դե շատ բան ա եղել, ախր որ մեկը պատմեմ»,-էլի լռում է, հայացքը փախցնելով: Կրկին ընկերներն են օգնության հասնում.«Վուլի, էն որ ֆագոտներին խփել ես, էդ պատմի»:
«Հա՛, 4 ֆագոտ է աշխատել մեր տանկի վրա, չի կարողացել խփի, 4 անգամ կրակել են, 4-ն էլ շեղ: Հետո մենք ենք իրանց վրա կրակել, մի ֆագոտը խփել ենք: Լույսը տեսել ենք, կողք ենք քաշել տանկը ու ուղիղ իրանց վրա խփել»,-ոգևորված պատմում է տանկի հրամանատարը հետո հիշում, թե ինչպես են հակառակորդի անօդաչու թռչող սարքի հետ տանկով պահմտոցի խաղացել. «Ինչքան պտտվեց, չկարողացավ խփել, գալիս էր տանկի կողմ, ծառերի արանքն էինք մտնում, գնում էր մյուս կողմ, դուրս էինք գալիս ու անընդհատ պտտեցնում էինք, շեղում: Մի հիսուն րոպե չկարողացավ խփել, մտա անտառ, որ էն սկզբում ասածս աշտարակին խփեմ, թուրքերը չհասնեն «Լյուլասազ», նորից 4 ժամ էդ ԱԹՍ-ն ինձ էր ման գալիս, արդեն ես խփեցի իրան, գնաց ընկավ մի հրետանու վրա»:
Այնուամենայնիվ մի ԱԹՍ Վուլիի տանկի վրա է ընկել. «Խփեցին տանկիս, գնացի կրակմարիչով տանկը հանգցրի, նորից վերցրի հետ եկա, թուրքի երկու ուրալ խփեցի էդ տանկով՝ երկուսն էլ մարդուժով բեռնված»:
Հարցնում եմ տանկի անձնակազմի մասին, կապիտանը ձեռքով դեպի ձախ է ցույց տալիս ու  հպարտությամբ  ասում է՝ տղերքն էնտեղ են:
Տանկի նշանառու-օպերատորը Եղիկյան Սուրենն է, մեխանիկ-վարորդը՝ Գալինյան Անդրանիկը:
«Եթե ցեխերից չեք նեղվի, գնանք տանկի մոտ, տղերքին էլ կտեսնեք»,-ասում է կապիտանը, իսկ ես սկսում եմ լուռ հետևել իրեն:
Հասնում ենք տանկին, աներևակայելի ժպիտ է հայտնվում հրամանատարի աչքերում, ասում է նայե՛ք, իմ ամենամոտ ընկերն է:
Սուրենն ու Անդրանիկն են մոտենում, ծանոթանում ենք, ասում եմ դուք ի՞նչ կպատմեք տղերք, Անդրանիկը լուռ է, խոսել չի ուզում, նայում եմ Սուրենին, կապիտանը միջամտում է. «Ինքը հակառակորդի T-90 տանկ է խոցել»:
«Թուրքերը շանս չունեին, չգիտեմ վերջում ինչի սենց եղավ»,-ասում է կապիտանը, իսկ Սուրենը կողքից հույս է տալիս. «Կպատրաստվենք, մինչև Քուռ գետը իրանց կքշենք, թող հիմա ուրախանան, բայց հայը կռվող ազգ է, վաղ թե ուշ հետ կբերենք մեր հողերը»:
Տանկի՝ իրենց հավատարիմ ընկերոջ վրա ծառերից տերևներ են թափվել, տղերքը խնամքով մաքրում են, կանգնում կողքին, նկարում եմ, հետո ինքս եմ իրենց հետ նկարվում, ինձ ավելի ուժեղ ու պաշտպանված եմ զգում, ոգևորված գործի են գցում տանկը, մեզ համար «մաստերկլաս» ցույց տալիս, հետո շնորհակալություն եմ հայտնում ու ցեխերի մեջ մխրճվելով վերադառնում գործընկերներս մոտ:

Իննա Թումանյան