Ականի վրա պայթել ու մարմնական տարբեր աստիճանի վիրավորում են ստացել 3 փրկարար ծառայողներ

Այսօր Մատաղիս-Թալիշ ուղղություններում զոհված զինծառայողների մարմինները որոնելիս, ականի վրա պայթել ու մարմնական տարբեր աստիճանի վիրավորում են ստացել Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի 3 փրկարար ծառայողներ:

Վերջիններս հոսպիտալացվել են: Քիչ առաջ հանրապետական բժշկական կենտրոնում վիրավորներին այցելել է ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը:

Ծառայության ղեկավարը խոսել է բժիշկների հետ, հետաքրքրվել վիրավորների առողջական վիճակով: Վերջիններս հավաստիացրել են որ փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի նախաձեռնությամբ, ԱԻ պետական ծառայության գործուն մասնակցությամբ շարունակվում է պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մարմինների որոնման և ադրբեջանական կողմի հետ փոխանակման գործընթացը:

ՏԵՂԵԿԱՆՔ

Պատերազմի առաջին օրվանից իրենց մասնագիտական առաքելությունը կատարելիս Արցախի ԱԻ պետական ծառայության 4 փրկարար ծառայողներ զոհվել են, ևս 17-ը՝ վիրավորվել:

[ԱՀ ԱԻՊԾ]

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Մեկնաբանություններ