Գրոհող խմբավորումները հայտնաբերվել և ենթարկվել են կրակային ներգործության, կրել են մեծ կորուստներ. ՊԲ ներկայացուցիչ Սուրեն Սարումյան

«Վերջին 3-4 օրերի ընթացքում հակառակորդը հիմնական ջանքերը կենտրոնացրել է Շուշիի ուղղությամբ: Ընթացել են համառ մարտեր, ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն պաշտպանել են և պաշտպանում են Արցախի խորհրդանիշներից մեկը՝ բերդաքաղաք Շուշին և վճռականորեն տրամադրված են պատվով կատարել իրենց առաջ դրված խնդիրը»,-այս մասին ասուլիսի ընթացքում հայտնեց ՊԲ ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը:
Գնդապետի փոխանցմամբ օրվա ընթացքում հակառակորդը ևս գրոհներ է իրականացրել Շուշիի ուղղությամբ. «Գրոհող խմբավորումները հայտնաբերվել և ենթարկվել են կրակային ներգործության, կրել են մեծ կորուստներ: Մեր ստորաբաժանումներին հաջողվել է գերևարել ադրբեջանցի 2 զինծառայողների»:
Ըստ Սուրեն Սարումյանի հակառակորդը ակտիվ է եղել նաև ռազմաճակատի այլ հատվածներում. «Յուրային զորքերը որոշ հատվածներում զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր, տարբեր ուղղություններում ոչնչացրել են թշնամական ուժերին պատկանող 1 տանկ, 4 միավոր ավտոտեխնիկա, 8 ԱԹՍ: Որպես ռազմավար՝ հաջողվել է վերցնել հակառակորդի 1 տանկ և հրետանային միջոցներ»:
Շուշիի ուղղությամբ մարտական գործողությունները դեռևս շարունակվում են:
«Ադրբեջանական կողմը որոշ ուղղություններում կարողացել է ներթափանցել Արցախի բուն տարածք ու այն հատվածներում, որոնք համարվում են անվտանգության գոտի, մեր նահանջը պայմանավորված է եղել մարտավարական նկատառումներով»,-ասաց Սարումյանն ու հավելեց, որ Արցախի տարածքում կատարվող գործողությունները հակառակորդին չեն ներվելու, մեր բանակը կարողանալու է զսպել նրա զավթողական նկրտումները ու անվերապահորեն կատարելու իր խնդիրը:
Օպերատիվ մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո ու ՊԲ ներկայացուցիչը վստահեցրեց, որ հաղթանակը մերն է լինելու:

Իննա Թումանյան