Հայոց բանակը մինչև վերջ կռվելու է, Շուշին չի ընկնելու. Արծրուն Հովհաննիսյան

«Շուրջ երկու օր չեն դադարում մարտերը Շուշիի շրջակայքում, մատերն ընթանում են բավականին ինտենսիվ»,- այս մասին ասուլիսի ընթացքում հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, ավելացնելով, որ այս օրերը մտնելու են պատմության մեջ՝ որպես Շուշիի փառահեղ հաղթանակների օրեր:
Ըստ ՊՆ ներկայացուցչի, հայկական զորքերի գործողությունների հետևանքով մարտերի ակտիվությունն ընկել է, հակառակորդը դիմել է փախուստի՝ թողնելով մեծաթիվ դիակներ։ Հերոսական մարտեր են վարել նաև քարինտակցիները:
«Մենք փաստացի ֆիքսել ենք, որ Ադրբեջանի բանակային ղեկավարում չկա, կա Թուրքիայի ղեկավարման շտաբ»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը և հավելեց, որ մարտերը շարունակվում են։
Ըստ նրա դրանք ծանր են, բայց նախորդ օրվա հետ համեմատելի չեն ու համեմատելի չեն լինելու նաև վաղվա իրավիճակի հետ: Դիվերսիաներ կան նաև Հադրութում ու հարակից գյուղերում. նրանց թիրախները ճանապարհներն են, թաքնվում են ձորակներում, որոնք ըստ ՊՆ ներկայացուցչի՝ դառնալու են դժոխքի ձոր։ Կոչ անելով հավատալ հայ զինվորի բազկի ուժին՝ Արծրուն Հովհաննիսյանը նաև նշեց, որ հայոց հրետանին հաղթանակ է տարել հակառակորդի հրետանու նկատմամբ․ «Հայոց բանակը մինչև վերջ կռվելու է, Շուշին չի ընկնելու»։

Սիմոն Հովհաննիսյան