Հակառակորդի դիվերսիոն ներթափանցման բոլոր փորձերը՝ հրետանու հեռահար հարվածով հետ են շպրտվել. Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդի դիվերսիոն ներթափանցման բոլոր փորձերը՝ հրետանու հեռահար հարվածով հետ են շպրտվել. Արծրուն Հովհաննիսյան

«Այսօր վաղ առավոտյան՝ գրեթե բոլոր ուղղություններվ, ադրբեջանական ԶՈՒ-երը շարունակել են հարձակողական գործողությունները»,- այս մասին հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, հավելելով, որ տարբեր գյուղերում շարունակվել է դիվերսիոն խմբերի դեմ պայքարը:
ՊՆ ներկայացուցչի փոխանցմամբ, այսօր վաղ առավոտյան Մարտունի քաղաքից հարավ ադրբեջանական ԶՈՒ-երի ներկայացուցիչները զրահատեխնիկայի, օդուժի, հրետանու աջակցությամբ փորձել են հարձակում զարգացնել. «Կորցնելով մի քանի զրահատեխնիկա և մեծ թվով կենդանի ուժ, հետ են շպրտվել ելման բնագծեր: Կեսօրին մոտ նրանք հյուսիսային հատվածում՝ Քարվաճառի ուղղությամբ, մի քանի տեղամասում փորձել են ծխածածկույթի քողի տակ, դիակները հանելու պատրվակով դիվերսիոն ներթափանցում իրականացնել մեր միջդիրքային տարածություններ, բայց հայտնաբերվել են և հրետանու հեռահար հարվածով հետ են շպրտվել»:
Սմերչ կայանից հրթիռակոծվել են Ստեփանակերտ և Շուշի քաղաքները. «Հրդեհներ են բռնկվել: Կոնկրետ Ստեփանակերտում թիրախավորվել է Մոր և մանկան կենտրոնը: Սա ի ցույց աշխարհի»:
Ըստ Հովհաննիսյանի, Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում իրավիճակը համեմատաբար հանգիստ է:
Մարտերը շարունակվում են. «Մարտերը հիմա շատ սաստիկ ու ծանր չեն, մեր ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրավիճակը»:

Իննա Թումանյան