Հակառակորդի որոշ ստորաբաժանումներ մնալով ծուղակում՝ հրետանային կրակով ջախջախվել են. Արծրուն Հովհաննիսյան
«Դեռ անցնող գիշեր՝ ողջ գիշերվա ընթացում, Արցախի հյուսիսարևմտյան սահմանագոտու ողջ երկայնքով ադրբեջանական ԶՈՒ-երը ձեռնարկել են լայնածավալ հարձակման մի քանի փերձեր, որոնք բոլորը տապալվել են»,- այս մասին հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ մեկ վաշտ, մեկ դասակ և այլ ուժերի կազմով նախաձեռնած հարձակումները տապալվել ու հետ են մղվել, իսկ որոշ ստորաբաժանումներ մնալով ծուղակում, մինչև վերջ հրետանային կրակով ջախջախվել են:
Հովհաննիսյանի փոխանցմամբ, վաղ առավոտյան ժամը 7-ից սկսած սահմանագոտու այլ հատվածներում՝ հյուսիսում Մարտակերտի ուղղությամբ, կենտրոնական ուղղությունում՝ Մարտունու ուղղությամբ, հարավային հատվածում տարբեր ուղղություններով հարձակման մի քանի փորձեր են ձեռնարկել. «Բոլոր ուղղություններում թշնամու հարձակման փորձերը տապալվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել: Մեր ստորաբաժանումներին հաջողվել է հետապնդել և որոշակի դիրքային փոփոխություններ ունենալ, սակայն Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել 1-2 դիրք. Մարտունիից հարավ՝ Ճարտարի ուղղությամբ»:
Կիրառվել են հիմնականում վաշտ, գումարտակ ճափի ստորաբաժանումներ. «Ակտիվորեն կիրառվել է ավիացիա, մի քանի բնակավայրեր ռմբակեծվել են»:
Ըստ Հովհաննիսյանի իրավիճակը վերահսկելի է: Հակառակորդի շարժերն ու վերախմբավորումները նկատվում և հրետանու կրակով խոցվում են:
«Այսօր էլ Հադրութի տարածաշրջանի գյուղերից մեկի հատվածում՝ մեր դիրքերի ուղղությամբ հակառակորդը թողել է 15-16 դիակ և փախել»,-ասաց ՊՆ ներկայացուցիչը նշելով, որ ողջ օրվա ընթացքում հակառակորդին բավականին մեծ վնասներ ենք հասցրել տարբեր ուղղություններով:
Հակառակորդը անընդհատ փորձում է հաջողել, բայց թափը կորցրել է, ոչ մի կերպ չի ստացվում. «Հնարավոր է արբանյակային հետախուզության հնարավորություն ունեն, բայց դա կատաստրոֆիկ չէ, մենք ևս ունենք նման հնարավորթյուն և պետք է մտածենք ոչ թե ինչպես անենք, որ չտեսնեն, այլ այնպես անենք, որ խաբենք ու քողարկենք մեր շարժերը, միջոցները, տեղերն ու գործողությունները»:
Իննա Թումանյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: