Մեր ԶՈՒ-երին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել. Արծրուն Հովհաննիսյան

Մեր ԶՈՒ-երին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել. Արծրուն Հովհաննիսյան

«Այսօր ողջ օրը ռազմաճակատի ողջ երկայնքով շարունակվել են մարտական գործողությունները, սակայն ոչ մեծ ինտենսիվությամբ»,-այս մասին ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, հավելելով, որ հարավային հատվածում՝ Բերձորից մինչև Արաքսի ափը ընկած ռազմաճակատային բնագծի ուղղությամբ եղել են որոշակի մարտական գործողություններ.
«Մեր ԶՈՒ-երին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել»:
Մարտունու և Ասկերանի շրջանների գյուղերում, անտառային շրջաններում շարունակվել են դիվերսիոն խմբավորումների դեմ մարտական գործողությունները.
«Նրանց դեմ պայքարը ենթադրում է առանձին մարտական գործողությունների ձև, մարտավարություն, ինչը սովորական, համազորային մարտերին կամ 5-րդ սերնդի պատերազմերին բնորոշ ինտենսիվ մարտական գործողություններին բնորոշ մարտեր չեն»:
Կիրառվում են հիմնականում հրթիռային, հրետանային միջոցներ:
Ըստ Հովհաննիսյանի, օրվա ընթացքում շարունակել են նաև Արցախի տարբեր բնակավայրերը հրթիռակոծել. «Մեր խնդիրները նույնն են, պետք է պաշտպանենք մեր սուրբ հայրենիքը»:
Նրա խոսքով ՀՀ սահմանների ողջ երկայնքով էլ շարժեր կան, բայց իրավիճակը հանգիստ է:

ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն էլ ասաց, որ Ադրբեջանն արդեն 3 անգամ չկարողացավ կատարել իր պարտավորությունները և պահպանել հրադադարը. «Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետանքով մեծ վնաս է հասցվել խաղաղ բնակչությանը, վնասվել են հազարավոր քաղաքացիական, կենսական նշանակության ենթակառուցվածքներ»:
Նրա խոսքով ՀՀ ԱԳՆ Զոհրապ Մնացականյանը Հոկտեմբերի 30-ին կմեկնի Ժնև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման։
Այս պահին ընթանում է ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ: Մանրամասները կհայտնեն ավարտից հետո:

ԵՊՀ ուսանող, կամավոր Միքայել Միքայելյանը, ով ասուլիսի հյուրն էր, ասաց, որ որպես պատմաբան գիտի, թե ինչ ավարտ է լինում, երբ հայ ժողովուրդը դեմ դուրս չի գալիս թշնամուն, դրա համար էլ մեկնել է առաջնագիծ. «Մենք դիմակայելու ենք թշնամուն, ջախջախելու ենք թշնամուն իրենց բների մեջ, ես երդվում եմ, որ մենք հաղթելու ենք»:

Իննա Թումանյան