Գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի դեմ պայքարը շարունակվում է. Արծրուն Հովհաննիսյան
Այսօր առավոտյան ադրբեջանական ԶՈՒ-երը նորից շարունակել են հարձակողական գործողություններ իրականացնել Արցախի տարբեր ուղղություններով: Միաժամանակ մի քանի բնակավայրերում խաղաղ բնակիչների ուղղությամբ հրետակոծություններ են եղել: հյուսիսային ուղղությամբ մարտական գործողությունները եղել են համեմատաբար թեթև: Հարավային ուղղությամբ՝ Որոտան գետի երկայնքով ձևավորված ճակատ կա: Այսօր փորձել են Բերձորի ուղղությամբ որոշակի հարձակում իրականացնել, ինչպես նաև հարավային ուղղությամբ մոտենալ դեպի ՀՀ սահմանին: Կիրառել են հրետանի և ԱԹՍ-ներ, սակայն անհաջողության մատնվելով հետ են շպրտվել: Գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի դեմ պայքարը շարունակվում է:
-Որպես կանոն փոքր խմբեր են մոտենում, որոնք իրենց հետ բերում են թեթևազեն սպառազինություն: Մեր ստորաբաժանումնների հարվածներից հետո նահանջում են՝ անտառներով և լեռներով փորձում են այլ ուղղություններ զարգացնել: Եվ այս ուղղությամբ 24 ժամ մարտական գործողությունները ոչ մեծ լարվածությամբ շարունակվում են,- նշում է Արծրուն Հովհաննիսյանը:
Դաշտավայրերում որոշակի հաջողություն ունենալուց հետո Ադրբեջանի ԶՈՒ-երը, որոնց միացած են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների խմբերը և այլոք, փորձում են զարգացում ապահովել լեռնային տեղանքում, որտեղ դրանք հեշտ չեն հաջողվում և ընթանում է մարտավարական առումով ավելի դժվար ու բարդ պայքար:
Լիանա Բրյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: