Մեր ստորաբաժանումներին հաջողվել է հակագրոհով հետ վերցնել ու վերականգնել առաջնագիծը. Արծրուն Հովհաննիսյան

«Երեկ ցավոք ուշ ժամի հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն և որոշ ուղղություններում առաջանալ»,- այս մասին հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, հավելելով, որ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական ԶՈՒ-երը հարավարևելյան ուղղությամբ լայնամասշտաբ հարձակում են ձեռնարկել՝ միաժամանակ հրետակոծելով Արցախի քաղաքները:
Հովհաննիսյանի խոսքով, ողջ օրվա ընթացքում այդ հրոսակախմբերին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը. «Չնայած կային տեղեր, որտեղ թվացյալ հաջողություն են ունեցել: Մեր ստորաբաժանումներին հաջողվել է հակագրոհով հետ վերցնել ու վերականգնել առաջնագիծը: Նույն ժամանակ Հադրութից հյուսիս գտնվող գյուղերի հատվածում շարունակվել են դիվերսիոն խմբերի որոնման ու ջախջախման աշխատանքները»:
ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ հակառակորդը մոտեցել է Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ. «Ես հավատում եմ հայ զինվորի բազկին, խելքին, հմտությանը, տոկունությանը: Հայ զինվորը, եթե որևէ տեղ նահանջել է, շատ տեղերում էլ փախուստի է մատնել: Մարտերը դաժան են, պատերազմը սաստիկ, բայց իրավիճակն անելանելի չէ: Այսօր հայ գեներալը ավտոմատը ձեռքին կռվում է, կանգնել է հայ զինվորի, հայ կամավորի կողքին և ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք: Մենք այսպիսի օրեր շատ ենք տեսել մեր պատմության ընթացքում: Սա մեր գոյության կռիվն է»:
«Մենք Ադրբեջանի սպառնալիքներից չենք վախենում և չենք զարմանում»,-ասաց Հովհաննիսյանն ու նշեց, որ աշխարհին հայտնի է ով է հրադադարը պահպանում և ով չի պահպանում:
Ըստ նրա մեր Ռազմաքաղաքական ղեկավարությունը փայլուն տիրապետում է իրավիճակին. «Հրամանատարությունը արի է, քաջ է, նրանք շարքային զինվորների կողքին կանգնած են մինչև վերջին գրոհը և վերջին տեխնիկայի խոցումը»:
Վերջում Հովհաննիսյանը հորդորեց վստահել հայ զինվորի բզակին և վստահ լինել, որ հաղթելու ենք:

Իննա Թումանյան