Այսօր շարունակվել են դիվերսիոն խմբերի որոնողական և ոչնչացման աշխատանքները. Արծրուն Հովհաննիսյան

«Այսօր ռազմաճակատի ողջ երկայնքով շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները՝ հյուսիսից մինչև ծայրամաս հարավ»,-այս մասին ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, հավելելով, որ հյուսիսային ուղղությամբ վաղ առավոտից սկսվել է հրետակոծություն և որոշակի մարտական գործողություններ են ծավալվել, որոնք իրենց ինտենսիվությամբ մի փոքր զիջում են հարավային ուղղությամբ կատարվող մարտական գործողություններին:

Օրվա ընթացքում Հադրութից հյուսիս, Մարտունիից հարավ մի քանի գյուղերում երևացել են դիվերսիոն խմբեր. «Դրանք երևացել են Ավետարանոց գյուղում և հարակից անտառներում, այլ գյուղերի հատվածներում շարունակվել են այդ խմբերի որոնողական և ոչնչացման աշխատանքները, այս պահին էլ շարունակվում են»:
Հովհաննիսյանի խոսքով, դիվերսիոն խմբերը որպես կանոն մարտի չեն բռնվում, աշխատում են խուսափել և փախչել տեղանքից, որտեղ որ հայտնվում են մեր ԶՈՒ-երի համապատասխան ստորաբաժանումները. «Հարավային ուղղությամբ ողջ օրվա ընթացքում դեպի հյուսիս և դեպի արևմուտք՝ Սանասարի ուղղությամբ հակառակորդը տասնյակ անգամներ ձեռնարկել է գրոհներ»:
ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ եթե սա մեր ազգի լինելիության գոյապայքարն է, ուրեմն մենք կարող ենք պատասխանել, թե ինչ է նշանակում մեր հաղթելը. «Հաղթելը նշանակում է մեր անվտանգությունը, հաղթելը նշանակում է մեզ 2-րդ անգամ ցեղասպանել թույլ չտալը, հաղթելը նշանակում է հակառակորդի ԶՈՒ-երին խնդիրներից զրկելը»:

Իննա Թումանյան