Հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը կասեցվել են ու հետ են շպրտվել

«Այսօր ողջ օրվա ընթացքում հակառակորդը արցախյան սահմանի ողջ երկայնքով շարունակել է հարձակողական գործողությունները տարբեր ուղղություններով»,- այս մասին ասուլիսի ընթացքում հայտնեց Արծրուն Հովհաննիսյանն ու հավելեց, որ ակտիվ են եղել հարավային, հյուսիսային և կենտրոնական ուղղությունները:
Հարավային ուղղությամբ մարտական գործողություններ են ընթացել կոնկրետ բնակավայրերի ուղղությամբ. «Այդ օջախային մարտերը ըստ էության իրենցից ներկայացնում են տարբեր խմբերի դիվերսիոն ներթափանցման փորձեր, այս պահերին էլ շարունակվում են»:
Առաջխաղացման բոլոր փորձերը կասեցվել են ու հետ են շպրտվել հակառակորդին պատճառելով ծանր մարդկային և զրահատեխնիկայի կորուստներ. «Այսօր որոշ տեղերում կիրառվել է նաև օդուժ, խոցվել է ևս մեկ թուրքական արտադրության Բայրաքթար տեսակի անօդաչու թռչող սարք»:
Ադրբեջանի ԶՈՒ-երի դիվերսիոն տարբեր խմբեր ներթափանցում են մերձռազմաճակատային տարբեր հատվածներ, խուճապ են ստեղծում. «Դրանք որպես կանոն շատ փոքր խմբեր են լինում, մտնում լուսանկարվում են, շարժվում են կիրճերում առանց աջակցության և շատ հեշտ է լինում նրանց չեզոքացումը»:
Վերջին օրերին ունենք կորոնավիրուսային հիվանդության թվերի աննախադեպ աճ. «Մեր բոլորի սիրտը և հայացքը սահմանի կողմն է և վիրուսը մղվեց երկրորդ պլան, դրա պատճառով էլ ունենք այսպիսի աննախադեպ պատկեր: Պետք է հետևել կանոններին ու կոչ եմ անում բոլորիդ, որ սթափվեք և հակահամաճարակային կանոններին հետևեք»,-ասաց առողջապահության ներկայացուցիչ Լուսինե Պարոնյանը, որը երիտասարդներին նաև հորդորեց դիմակը ոչ թե թևին կապել, այլ դեմքին, քանի որ այդպես կարող են ամուր մնալ ու առողջ թիկունք լինել:

Իննա Թումանյան