Պատերազմի ժամանակ լինում են նաև նահանջներ, բայց մենք ասել ենք՝ բարի գալուստ դժոխք. Արծրուն Հովհաննիսյան

«Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանական ԶՈՒ-երը կրկին հարձակողական մարտեր են ձեռնարկել հարավային և հյուսիսային ուղղություններում, առավել համառ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ»,- այս մասին ասուլիսի ընթացքում հայտնեց Արծրուն Հովհաննիսյանն ու հավելեց, որ այդ մարտերի ընթացքում մեր զորքերը հաջողությամբ են կասեցրել գրոհները և հետ շպրտել ելման բնագծեր:
Երեկ երեկոյից սկսած մեր ՀՕՊ ստերաբաժանումներին հաջողվել է խոցել ադրբեջանական ԱԹՍ-ներ. «Այդ թվում, հատուկ ցուցադրել ենք արդեն թուրքական արտադրության, ընդ որում  2020թ.-ի սեպտեմբերի արտադրության, Բայրաքթար տեսակի անօդաչու թռչող սարքեր»:
Դրանք խոցվել են նախորդ 24 ժամերի ընթացքում. «Մեկ տասնյակից ավելի Բայրաքթար հաստատ խոցվել է»:
Իրավիճակն այս պահին ևս լարված է, մարտերը շարունակվում են, բայց ոչ նույն ինտենսիվությամբ, ինչ առավոտյան։
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով հինգերորդ սերնդի պատերազմներում չկան հստակ բնագծեր. «Պատերազմի ժամանակ լինում են նաև նահանջներ, բայց մենք ասել ենք՝ բարի գալուստ դժոխք: Զորքերի համար էլ հեշտ չի նահանջելը, բայց դա երբեմն պետք է հակառակորդին ծուղակը գցելու կամ հարձակման ծրագիր մշակելու համար։ Առաջին օրվանից էլ մենք ասել ենք, որ բնագծեր չենք պահելու, որտեղ որ պիտի շատ զոհեր տանք»։
Ասուլիսի ընթացքում խոսեց նաև կամավոր Հարություն Բաղդասարյանը, ով մարտական գործողություններին մասնակցել է հարավային ուղղությամբ և վիրավորվել. «Մենք զինված, դուխով կռիվը տանում ենք: Լավ էր, շատ էլ ընտիր էր, դե ինչ անենք, երեք պետության դեմ կռվում ենք, բայց որտեղից ում ուզում են բերեն, մեզ չեն հաղթելու: Մենք հայերս մեզ հերիք ենք, զենքն էլ ունենք, դուխն էլ ունենք»:
Կամավորը նշեց նաև, որ հակառակորդը նույնիսկ հացի մեքենաներին էր խփում, բայց միևնույն է չի հաղթելու:

Իննա Թումանյան