Մեր հայ ժողովրդի օգնությունը, սահմանին տղերքի եղբայրությունը մի մեծ ուժ է, որը զգալով դու երբեք չես վախենա թշնամուց. Հարություն Դոխոյան

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ-երը հյուսիսում և հարավում երկար հրետակոծությունից հետո, հրետանային պատրաստությունից հետո, որի ընթացքում կիրառվում են նաև այլ օդային հարձակման միջոցներ՝ ԱԹՍ-ներ, օդուժ, անցել են լայնածավալ հարձակման»,-այս մասին ասուլիսի ընթացքում հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը ու հավելեց, որ առնվազն երկու կատաղի գրոհներից հետո հյուսիսային ուղղությամբ մեր ԶՈՒ-երին հաջողվել է հետ շպրտել ադրբեջանական ԶՈՒ-երի ներկայացուցիչներին ու ահաբեկիչներին, որոնց չի հաջողվել գրավել ոչ մի բարձունք ոչ մի դիրք:
Ըստ նրա, հարավային ուղղությամբ ամբողջ օրը շարունակվել են ծանր մարտեր, որոնք այժմ ևս շարունակվում են. «Օրվա ընթացքում ադրբեջանական օդուժը կատարել է նաև որոշակի թռիչքներ: Այդ ընթացքում մարտական հարվածներ են հասցրել ու մեզ հաջողվել է չեզոքացնել որոշ թռչող սարքեր»:
Ասուլիսի ընթացքում Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց ժամկետային զինծառայող Հարություն Դոխոյանին, որը խոցել է 5 տանկ, 1 ՀՄՄ և 1 ՏՕՍ: Հարությունը հակատանկիստ է, ով սահմանին կանգնած՝ լավ գիտեր, որ պիտի պահի իր հայրենիքը, իր ժողովրդին, իր քաղաքն ու ընտանիքը. «Երբ գիտես, որ նրանք փոխադարձ օգնում են քեզ, դա մի մեծ բան է: Երբ բացում ես ծանրոցը, որտեղ ամեն մեկը մի բան ներդրել է ու գտնում ես քո ուզածը, դա ուրախություն է պարգևում»,-պատմում է Հարությունն ու հավելում, որ երբ մեքենան գալիս էր ու տաք ծածկոցներ էին տեսնում, ասում էին տղերք, էսօր մենք չմրսեցինք. «Մեր հայ ժողովրդի օգնությունը, սահմանին տղերքի եղբայրությունը մի մեծ ուժ է, որը զգալով դու երբեք չես վախենա թշնամուց: Ես կռվի ժամանակ խոցել եմ 7 տեխնիկա:Ես չեմ պատրաստվում սահմանափակվել, հենց առողջացա՝ մեկնելու եմ կռվի դաշտ ու ավելացնեմ խոցումներս»:
Պատասխանելով լրագրողների հարցերին, Հովհաննիսյանն ասաց, որ մենք մարդ ենք և ունենք համապատասխան արժեհամակարգ, մենք բորենիներ չենք, դրա համար էլ հակառակորդի զինվորին բուժօգնություն ենք ցույց տվել:

Իննա Թումանյան