Զինծառայողներ Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը գերեվարվել են․ ընտանիքի անդամները դիմել են ՄԻԵԴ
Փաստաբան Արտակ Զեյնալյանը հայնտել է, որ հայկական զինված ուժերի երկու զինծառայող Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը գերեվարվել են: Իրավաբանների խումբը գերեվարվածների ընտանիքների անդամների անունից դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Մանրամասները՝ Զեյնալյանի ֆեյսբուքյան գրառման մեջ.
«27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերի երկու զինծառայողներ Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը գերեվարվել են: Տեցեկատվություն է տարածվել, որ նրանք վնասվածքներ ունեն։
Գերեվարված զինծառայողների ընտանիքի անդամների անունից իրավաբանների խումբը 11.10.2020թ Եվրոպական դատարան դիմում է ներկայացրել հրատապ միջոց կիրառելու մասին՝ պահանջելով Դատարանին պարտավորեցնել Ադրբեջանին.
• գործել միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի և ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման մասին 10.10.2020թ զինադադարի համաձայնությանը համապատասխան և վերջիններիս ԿԽՄԿ հովանու ներքո վերադարձնել Հայաստանի իշխանություններին,
• մինչև վերադարձը ձեռնարկել բոլոր միջոցները պաշտպանելու նրանց կյանքը և ապահովելու նրանց ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիությունը,
• ապահովել պատշաճ բժշկական օգնություն։
Քիչ առաջ ծանուցվեցինք, որ Դատարանը 12.10.2020թ գրանցել է գործը և ծանուցել Ադրբեջանի կառավարությանը:
Դատարանը որոշել է Ադրբեջանի կառավարությունից պահանջել տրամադրել հետևյալ տեղեկատվությունը.
• պայմանները, որոնցում ներկայումս պահվում են գերեվարված երկու զինծառայողները,
• տեղեկություններ բժշկական հետազոտությունների և նրանց առողջական վիճակի մասին,
• տեղեկություններ նշված երկու զինծառայողների փոխանակման հնարավորության մասին՝ պայմանավորված Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև մարդասիրական հրադադարի դրույթներով։
Հարցադրումներին պատասխանելու համար Ադրբեջանի կառավարությանը տրվել է վերջնաժամկետ մինչև 22.10.2020թ:
Իրավաբան-իրավապաշտպանների խումբ»
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: