«Հակառակորդը ոչ մի էական առաջխաղացում չունի». Արծրուն Հովհաննիսյան

«Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ-երը Արցախի սահմանի ողջ երկայնքով սկսել են լայնածավալ ռազմական գործողություններ՝ առնվազն 4 ուղղություններով»,- այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով մարտերը հատկապես թեժ է եղել հյուսիսային ուղղությամբ. «Օրվա ընթացքում տեղի են ունեցել թեժ մարտեր: Մեծ, ծավալուն հրետակոծությունից հետո անցել են լայնամասշտաբ հարձակման՝ զրահատեխնիկայի կիրառմամբ: Այդ ընթացքում մեր ստորաբաժանումներին հաջողվել է հակառակորդին հետ շպրտել պատճառելով էական կորուստներ»:
Մնացած ուղղություններում ևս մարտերը շարունակվել են. «Հակառակորդը ոչ մի էական առաջխաղացում չունի, չնայած նրան, որ վերջին օրերին Ադրբեջանի ԶՈՒ-երը որդեգրել են հետևյալ քաղաքականությունը. հետախուզադիվերսիոն գործողություններով մերձռազմաճակատային տարբեր բնակավայրերում արագ ներթափանցումներ իրականացնել ու տեղեկատվական ակցիաներ իրականացնել՝ դրոշներ պարզելով տարբեր շենքերի վրա նկարվել, որպեսզի հոգեբանական ազդեցություն թողնեն առաջին հերթին իրենց հասարակության վրա և հետո նաև մեր»:
Ըստ Հովհաննիսյանի դրանով ցանկանում են հասարակությունից թաքցնել հարձակողական մարտերում իրենց նշանակալի հաջողութուններ չունենալը:
Այսօր ևս միջազգային երաշխիքները չեն պահպանվել, որպեսզի դիակների փոխանակում լինի:
Առողջապահության ներկայացուցիչ Ռոմելլա Աբովյանն էլ խորհուրդ տվեց չմոռանալ անտեսնելի թշնամու՝ կոռոնավիրուսի մասին, որը մեր թիկունքը թուլացնում է. «Մի մոռացեք լվանալ ձեռքերը, կրել դիմակ և պահել սոցիալական հեռավորություն: Սա զգոնության և սթափության կոչ է, որպեսզի կարողանանք պայքարել: Մենք յուրաքանչյուրս պատասխանատու ենք»:

 

Իննա Թումանյան