«Հրադադարի ռեժիմը, որը թույլ կտար իրականացնել դիակների և գերիների փոխանակում, լիարժեք չի պահպանվել». Արծրուն Հովհաննիսյան

«Ադրբեջանի ԶՈՒ-երը խախտելով հումանիտար հրադադարի պայամանավորվածությունը, գրոհ են իրականացրել զրահատեխնիկայի և հրթիռային միջոցների կրակի ուղղեկցությամբ, սակայն հյուսիսային ուղղությամբ կրելով զրահատեխնիկայի կորուստ, հետ են շպրտվել»,- այս մասին հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, հավելելով, որ հարավային ուղղությամբ ևս եղել են առաջխաղացումներ, որոնք ևս կասեցվել են:

Այսօր որոշ տեղերում պահպանվել է համեմատաբար հանգիստ վիճակ, մեծ տրամաչափի զենքերից կրակ չի վարվել, սակայն հրադադարի ռեժիմը, որը թույլ կտար իրականացնել դիակների և գերիների փոխանակում, լիարժեք չի պահպանվել։
Օրվա ընթացքում խոցվել է հակառակորդի 1 ԱԹՍ. «Հարկ է նշել, որ թուրքական ռազմաօդային ուժերը շարունակում են ղեկավարել  Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գործողությունները, մասնավորապես օդային ուժերի ղեկավարման կետերի կառավարմամբ, թուրքական F16 կործանիչների ուղեկցմամբ՝ թուրքական, իսրայելական արտադրության մարտական ԱԹՍ-ները հարվածներ են հասցնում Արցախի ենթակառուցվածքներին, կապուղիներին»:
Մեր ՀՕՊ ուժերը կասեցնում են հարձակումները:
Ըստ Հովհաննիսյանի, Ադրբեջանը կեղծ լուրեր տարածելով փորձում է հիմք ստեղծել հետագա գործողությունների համար:
Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ մեր զինվորականները պրոֆեսիոնալ են և իրենց անելիքը լավ գիտեն. «Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել ողջ աշխարհի հայությանը միասնականության և օգնության համար»:

Իննա Թումանյան