«Մորն ու հաշմանդամություն ունեցող որդուն սպանել են գնդակահարելով իրենց տան մեջ». Արտակ Բեգլարյան

«Մորն ու հաշմանդամություն ունեցող որդուն սպանել են գնդակահարելով իրենց տան մեջ». Արտակ Բեգլարյան

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանի Արցախի տեղեկատվական շտաբից հայտնեց, որ երեկ երեկոյան հրապարակել են ՄԻՊ-ի փաստահավաք գործունեության հիման վրա երկրորդ զեկույցը. «Այս գիշերը ներառյալ արձանագրել ենք արդեն առնվազն 25 քաղաքացիական զոհ և 109 վիրավոր՝ հյուսիսից հարավ բոլոր ուղղություններում և բնակավայրերում»:
Վիրավորների թվում կան երեխաներ, կանայք, տարեցներ. «Ադրբեջանը համակարգված ձևով թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը՝ կիրառելով ճշգրիտ զենքեր, եղել է դիտավորյալ հարված»:
Կան ապացույցներ, որ կիրառվել են Բալիստիկ հրթիռներ շենքերի ուղղությամբ. «Լրագրողները վստահաբար այդպիսի շատ լուսանկարներ ցույց տվել են: Շատ դեպքերում կիրառվել են լայն ազդեցության կասետային ռումբեր»:
Լրագրողները ևս թիրախային հարվածի տակ են եղել հակառակորդի  հրետանու կողմից. «Նրանց ևս չեն տարբերակում: Ինձ համար սա ևս խիստ դատապարտելի է ու ակնհայտ է, որ լրագրողներին թիրախավորել են դիտավորյալ, քանզի նրանք տարբերանշաններով են եղել և կատարել են մասնագիտական աշխատանք»:
Լրագրողները օբյեկտիվ, իրավապաշտպան աշխատանք են կատարում, որպեսզի պատերազմի ժամանակ պահպանվեն Միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները. «Միգուցե սա է նաև պատճառը, որ թիրախավորում են հենց լրագրողներին»:
Այժմ միտում կա դիակների փոխանակման, չնայած, որ հակառակերդը հրադադարը չի պահպանում:
Ստեփանակերտում և մյուս քաղաքներում կան բազմաթիվ չպայթած արկեր, պայթուցիկ նյութեր. «Դրանք հարյուրավոր են և կարող են հետագայում ևս վտանգ պարունակել բնակչության համար: Կարծում եմ, որ ադրբեջանական ԶՈՒ-երը դրանք կիրառում են խիտ բնակեցված քաղաքներում, որպեսզի մեզ կանգնեցնեն հումանիտար աղետի առջև»:
Ադրբեջանը լայնորեն կիրառում է ահաբեկչական վարձկան խմբեր. «Սրանում վաղուց արդեն կասկած չկա: Վարձկաններ են ներգրավված Լիբիայից և Սիրիայից, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում Արցախի բնակչության համար: Սա լրջագույն խնդիր է ողջ տարածաշրջանի կայունության համար»:
Ըստ ՄԻՊ-ի Արցախի քաղաքներում ավելր քան 520 շարժական գույք է վնասվել և 960 ենթակառուցվածքներ են վնասվել կամ ոչնչացվել. «Որոշ տեղերում զրկել են էլեկտրամատակարարումից, ջրից, ողջ համակարգին տասնյակ միլիների վնաս են հասցրել: Թիրախավորել են նաև կենտրոնական գազատար խողովակը, որը վերականգնվել է, բայց տեղեր կան, որ գազամատակարարում չի իրականացվում: Թիրախային հարվածներ են հասցրել նաև սննդի պահեստներին»:
Հակառակորդն արել է ամեն ինչ, հումանիտար աղետ առաջացնելու համար. «Կամուրջներ են փլուզել, որպեսզի բնակչությանը կտրեն արտաքին հաղորդակցությունից, տեղաշարժին խանգարեն»:
Շուշիի եկեղեցին ևս նպատակային են խոցել. «Լրագրողները տեսել են, որ եկեղեցու վերևում հարվածային ԱԹՍ է պտտվում»:
Հրանք հայատյաց են. «Տասնյակ տարիներ քարոզել են հայատյացություն և հայերին սպանելը նրանց համար հերոսություն է եղել և համակարգային բնույթ է կրում: 2016թ.-ի վայրագությունների ժամանակ, երբ գլխատում էին հայ զինծառայողներին, Ալիևը նրանց հերոսացնում էր»:
Միջազգային հանրությունը պետք է վերացնի Արցախի բնակչության միջազգային մեկուսացումը. «Արցախի բնակչությանը պետք է ընդգրկեն միջազգային տարբեր ծրագրերում՝ ներառյալ իրավապաշտպան, տնտեսական, քանզի մեր իրավունքները խախտվում են մեչ չճանաչվածության պատճառով»:
Երեկ Հադրութ քաղաքում, հրադադարի պայմանավորվածությունից հետո դիվերսիոն ներթափանցում է եղել. «Մորն ու հաշմանդամություն ունեցող որդուն սպանել են գնդակահարելով՝ իրենց տան մեջ (Ավետիսյան Անահիտ և Ավետիսյան Միշա): Տղան գնդակահարվել է որովայնից և ձեռքից, դա նշան է, որ պաշտպանվելու փորձ է արել: Նրանցից բացի արդեն տեղեկություն կա այլ քաղաքացիական անձանց մասով (Նվեր Գրիգորյան և Արտյոմ Միրզոյան), որոնց ևս ահաբեկիչներն են սպանել»:
Խափանվում և կորսվում են մարդկային ճակատագրեր ու օր առաջ պետք է հանցագործների ձեռքը բռնել. «Իրավապաշտպան կառույցները պարտավոր են արագ գալ Արցախ և արձանագրել իրողությանը»:

Իննա Թումանյան