«Ալիևին հնարավոր է շատ անհարմար բաները չեն զեկուցում ու շատ հնարավոր է, որ ինքը հայտնվել է այդ ծուղակում». Արծրուն Հովհաննիսյան
«Այսօր վաղ առավոտյան մարտական գործողությունները նոր թափով են վերսկսել»,-այս մասին ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ընթացքում, հավելելով, որ առավել ծանր մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ:
Հակառակորդն այսօր էլ որոշակի կորուստներ է կրել. «Այսօր էլ ադրբեջանական պաշտոնական աղբյուրները հայտարարեցին, որ գրավել են Ջաբրայիլն ու Հադրութը, դա մեղմ ասած ծիծաղելի է, քանի որ ես այդ պահին Հադրութ քաղաքում էի»:
Հովհաննիսյանի խոսքով, մարտերը գիշերը ևս շարունակվում են, ուղղակի առավոտյան ավելի թեժանում են. «Զոհերի թվերի հետ կապված, պետք է հետևել պաշտոնական լրահոսին, չնայած, պատերազմի ընթացքում որոշակի անճշտություններն անխուսափելի են»:
Ադրբեջանում ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է. «Ալիևին հնարավոր է շատ անհարմար բաները չեն զեկուցում ու շատ հնարավոր է, որ ինքը հայտնվել է այդ ծուղակում»:
Ըստ ՊՆ ներկայացուցչի, զինվորականները շատ լավ գիտեն իրենց անելիքները. «Նրանք գիտեն ամեն մի արկը, փամփուշտը որտեղ և ինչպես օգտագործեն, որ էֆեկտիվ լինի»:
Այսօր հակառակորդն ունի 2 տասնյակին մոտ տեխնիկայի կորոստ.«Տվյալներն ամփոփվում են առավոտից առավոտ»:
Բանակցությունների ընթացքում ճակատում որևէ փոփոխություն չկա. «Մարտական գործողությունները նույն ձևով շարունակվում են»:
Հայ կին զինծառայողները ևս գերպրոֆեսիոնալ են. «Ես այսօր անձամբ տեսել եմ 5 հակատանկիստ կնոջ, որոնք շահագործում են մեր ԶՈւ-երի լավագույն հակատանկային միջոցներից մեկը և իրենց հիանալի են դրսևորում, մեկ ճանճ անգամ չի վրիպում նրանց հակատանկային միջոցների խոցումից: Ծանոթացել ենք մի կնոջ հետ, որը 6 ամսական երեխեային թողել է մոր խնամքին և մեկնել ռազմաճակատ»:
Իննա Թումանյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: