«Արցախում կա 93 քաղաքացիական վիրավոր, 20-ը թեթև կամ միջին ծանրության են, մյուսները՝ ծանր». Արծրուն Հովհաննիսյան

«ՀՀ ԶՈՒ-երը առավոտվանից  պատասխան կրակով ոչնչացրել են զգալի թվով կենդանի ուժ, զրահատեխնիկա և հակառակորդին հետ են շպրտել ելման բնագծերը»,- այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի Գորիսի շտաբից հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը, հավելելով, որ այս պահին համառ մարտեր են ընթանում հատկապես հարավային ուղղությամբ:
Ադրբեջանական ուժերն այսօր ևս հրթիռակոծել են խաղաղ բնակավայրերը. «Այսօր երկու անգամ Ադրբեջանի ԶՈՒ-երը միտումնավոր հրթիռային հարվածներ են հասցրել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն»:
Արցախում կա 93 քաղաքացիական վիրավոր. «20-ը թեթև կամ միջին ծանրության են, մյուսները ծանր, կա 20 զոհված, ավերվել է 4600 անշարժ գույք, 430 մասնավոր շարժական գույք է շարքից դուրս եկել, 750 տարբեր տեսակի ենթակառուցվածքներ, հանրային օբյեկտներ, և սրանք մինչև ամսի 7-ը եղած տվյալներն են, մնացած դեռ ամփոփված չեն»:
Ըստ Հովհաննիսյանի, մարտերն ընթանում են ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը. «Հակառակորդի տեխնիկան հիմա այնքան չկա, որ նույն ինտենսիվությամբ կիրառեն, դրա համար հիմա լայնորեն կիրառվում է հրետանին, բայց դրանով նրանք փորձում են շարունակել իրենց ցեղասպանությունը ու դժվար է կանխատեսել, թե դա ինչքան կտևի»:
Կողմերը հրետանային միջոցներ կիրառում են շատ խիտ. «Օրական տասնյակ հազարավոր արկեր, հրանոթային փոքր, միջին ու մեծ տրամաչափի»:
Պատերազմների ժամանակ հերոսությունների կողքին, մեր դեպքում մասսայական հերոսությունների կողքին լինում են նաև դավաճանություններ. «Կարևորը, որ ռազմավարական կառավարման համակարգը կարողանում է  իրավիճակին տիրապետել, վեր հանել, շտկել, մեր ամրությունը կայուն է»:
Մինչ այս պահը հայկական կողմից կամավորագրվել են տասնյակ հազարավոր կամավորներ, հստակ թիվը նշել չի կարելի:
Ասուլիսի վերջում, Հովհաննիսյանը հատուկ շնորհակալություն հայտնեց լրագրողներին, որ իրենց կյանքը վտանգելով գնում են առաջնագիծ ու աշխարհին ցույց են տալիս իրականությունը:

Իննա Թումանյան