ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում կոչով դիմեց վերջին մեկ տարվա ընթացքում զինվորական ծառայությունից զորացրված տղաներին, ասելով, որ ներկայանան Կենտրոնական զինվորական հավաքակայան և զինվորագրվեն. «Դուք մեր օրենքով զորահավաքային մոբիլիզացիոն ռեսուրսի մեջ չեք մտնում, բայց գտնվում եք գերազանց մարտական վիճակում և ամենամարտունակ մոբիլիզացիոն ռեսուրսն եք: Տղե՛րք, հայրենիքն այսօր ունի ձեր կարիքը»:
Վարչապետի խոսքով սա նոր Սարդարապատ է. «Մենք բոլորս պետք է ուս ուսի տված ջարդենք հակառակորդի ողնաշարը»:
Ըստ Նիկոլ Փաշինյանի կա վերջին մեկ տարում զորացրված 10.000 զինվոր և եթե նրանց գոնե կեսը ներկայանան այս կոչին ի պատասխան, դա կլինի մեր բանակի ամենամարտունակ հատվածներից մեկը. «Խոսքը գնում է կենաց մահու կռվի մասին և ես հավատում եմ, որ մենք միասին կկարողանանք այդ կռիվը տալ, հաղթանակ ապահովել ՀՀ-ի և ԱՀ-ի համար»։
Իննա Թումանյան